Միայն անցյալ տարի ՊՆ–ն 26 միլիոն դրամից ավելի բժշկական պարագաներ և դեղեր է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015–2017 թվականների ընթացքում ՊՆ կենտրոնական դեղաբազայի հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.–ն և պաշտոնատար այլ անձինք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40 մլն դրամ ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Փետրվարի 28–ին ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 3–րդ մասով և 314 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, Լ. Ա.–ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ–հետախուզական գործողություններ՝ ինչպես դեպքի բոլոր հանգամանքները, այնպես էլ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը «Փաստ»–ին տեղեկացրեց, որ իրենց գերատեսչությունը որևէ առնչություն չունի ՊՆ կենտրոնական դեղաբազայի կողմից գնվող և բաց թողնվող դեղերի ցանկի, քանակի և պայմանների հետ, և այդ հարցն իրենց որևէ ձևով չի առնչվում:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ «Փաստ»–ին տեղեկացրեց, որ դեղերի անունների, քանակի և այդ թեմային վերաբերող այլ հարցեր համարվում է փակ ինֆորմացիա և ինչ նշված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ, դրան ոչինչ հավելել չի կարող: Հարցին, թե մինչև 2015 թվականը նույն վարչության կողմից իրականացված գործողությունները ստուգվե՞լ են իրենց կողմից, ՊՆ մամուլի խոսնակն ասաց.
«Բոլոր հարցերի պատասխանը կտա նախաքննությունը: Ես այլ մանրամասներ չեմ կարող ասել»:
Նշենք նաև, որ 2017 թվականի նոյեմբերի 11–ին կնքված պայմանագրի համաձայն ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը 26 միլոնից ավելի բժշկական պարագաներ և դեղեր է գնել, որից ամենաշատը՝ 9999000 դրամի «Մաժէվ» ՍՊԸ–ից, իսկ «Նատալի ֆարմ» և «Լեյկոալեքս» ՍՊԸ–ների հետ կնքված պայմանագրերով՝ 10,5 միլիոն դրամից ավելի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում