Դավաճանի մտածելակերպ ունեցողի արարք. Ն. Լափաուրին՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը դադարեցնելու՝ Երևանի քույր քաղաքներին ուղղված կոչի մասին
Մի շարք քաղաքացիների բաց նամակը, որով Երևանի քույր քաղաքներին կոչ են անում դադարեցնել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, չի կարող վնասել այդ քաղաքների հետ մեր հարաբերություններին, քանի որ քաղաքների գործընկերությունը բազմաշերտ է՝ հիմնված մշակութային կապերի ու բարեկամության վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, «Հայաստանի համայնքների միություն» գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին։
-Տիկի՛ն Լափաուրի, երկու օր առաջ մոտ 50 քաղաքացի բաց նամակով դիմել է Երևանի քույր քաղաքներին՝ կոչ անելով կասեցնել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը: Ինչպե՞ս կգնահատեք քաղաքացիների այս քայլը: Կան տեղեկություններ, որ այդ ամենը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նախաձեռնությամբ է:
- Պարզից էլ պարզ է՝ ով է նրանց հրահրել նման քայլի և ինչ նպատակ են հետապնդում:
Սեփական քաղաքի, երկրի, մշակույթի ու պատմության նկատմամբ դավաճանություն է, դավաճանի մտածելակերպ ունեցողի արարք, որ ամեն կերպ փորձում է թուլացնել մեր երկրի դիրքերն ու համբավը միջազգային հարթակներում: Սա առաջին անգամը չէ, որ վերջիններս նման պահվածք են դրսևորում միջազգային հանրության առջև:
-Իսկ, ըստ Ձեզ, այս նամակը կարո՞ղ է իսկապես վնասել Երևանի քույր քաղաքների հետ հարաբերություններին՝ ընդհուպ մինչև համագործակցության կասեցում:
-Իհարկե ոչ։ Քաղաքների գործընկերությունը բազմաշերտ ու խորը համագործակցության, մշակութային կապերի ու բարեկամության վրա հիմնված հարաբերություններ են։ Ցավալին այն է, որ հայերի մասին դրական պատկերացումներ ունեցող մեր գործընկերները կհայտնաբերեն, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր նման չարությամբ կարող են վերաբերվել իրենց քաղաքին, մայրաքաղաքին, նրա պատմությանն ու բարեկամական կապերին։
Ըստ այդմ, այս քայլը լավագույն դեպքում կարժանանա նրանց արհամարհանքին և ոչ ավելին: Ի վերջո, գիտակից ցանկացած մարդ շատ լավ է հասկանում, որ քաղաքների միջև հաստատված երկարամյա գործընկերությունը երբեք չի՛ եղել ու չի՛ լինի անձով պայմանավորված համագործակցություն: