Ուղեբեռի փոխադրման կարգի խստացումը ուղևորներին ավելորդ քաշքշուկի մեջ է գցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս համացանցում լուրեր շրջանառվեցին, թե ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը կրճատել է ձեռքի ուղեբեռի մեջ անվճար տեղափոխվող առարկաների ցուցակը: Ռուսական տուրիստական գործակալության կայքի հոդվածում մասնավորապես խոսվում է այն մասին, թե ավիափոխադրողը խստացրել է ձեռքի ուղեբեռի ծավալի ու քաշի պարամետրերը: Ձեռքի ուղեբեռի ծավալը չպետք է գերազանցի 110 սմ–ը՝ բարձրությունը չպետք է գերազանցի 40 սմ–ը, լայնությունը՝ 20, իսկ երկարությունը՝ 55: Անվճար տեղափոխվող ուսապարկը, որի չափերը նախկինում չէին սահմանափակվում, այժմ պետք է կշռի ամենաշատը 5 կգ, իսկ ծավալը չգերազանցի 80 սմ–ը:
«Աէրոֆլոտ»–ի նորամուծությունից ավելի շատ դժգոհողները եղել են լուսանկարիչներն ու օպերատորները, որոնց տեխնիկան՝ համակարգիչ, շտատիվ, տեսախցիկ, ոչ մի կերպ չի կարող տեղավորվել ընկերության կողմից սահմանված նորմերի մեջ, իսկ չհամապատասխանելու դեպքում ուղեբեռ հանձնելն անհնար է արժեքավոր և կոտրվող լինելու պատճառով: Ըստ կայքի՝ դրանք մինչ այդ ներառված են եղել անվճար տեղափոխվող իրերի ցանկում: Արդեն իսկ սոցիալական ամենատարբեր ցանցերում սկսվել է բողոքների ու գանգատների տարափ ուղևորների կողմից, ովքեր բողոքում են ոչ միայն նոր սահմանափակումներից, այլև նրանից, որ դրանց պատճառով ձեռքի ուղեբեռի անգամ 1–2 սմ–ի խախտումը օդանավակայանների աշխատակիցները չեն պատրաստվում «ներել»՝ պահանջելով կամ ինքնաթիռի ուղեբեռ հանձնել դրանք, կամ լրացուցիչ վճարել:
Ի դեպ, փետրվարի 9–ին «Աէրոֆլոտի» պաշտոնական կայքում հրապարակում կար այն մասին, որ փետրվարի 15–ից իրենք խստացնելու են ձեռքի ուղեբեռի փոխադրման կարգը: Կայքում նշված է, որ այսուհետ հսկումն ավելի խիստ կերպով պետք է ընթանա, միաժամանակ ասվում էր, որ այդ ամենը չի փոփոխում ձեռքի ուղեբեռի նորմերը, այլ միայն նպատակ ունի ավելացնել դրանց պահպանության նկատմամբ վերահսկողությունը:
Թե իրականում ինչ սահմանափակումներ են արվել այս ընկերության կողմից, «Փաստ»–ը փորձեց ճշտել «Աէրոֆլոտի» հայաստանյան գրասենյակից, սակայն մեզ խնդրեցին կապ հաստատել երկուշաբթի օրը: Զանգահարեցինք հայկական տուրիստական գործակալություններից մեկին, հասկանալու, թե ինչ փոփոխություններ են արվել:
Գործակալության աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ էկոնոմ կարգի ավիատոմսն իր մեջ ներառում է մեկ կտոր 23 կիլոգրամ ուղեբեռ և մինչև 10 կգ ձեռքի ուղեբեռ:
«Ոչ թե ծավալն են նվազեցնում, այլ՝ քանի որ մարդիկ շատ մեծ ուղեբեռ են վերցնում, իրենք ավելի են խստացնում պայմանները, ուղեբեռի չափերը շատ մեծ չպետք է լինեն: Պայուսակի մեջ նոթբուք, ֆոտոխցիկ կարող եք վերցնել, չի թույլատրվում հեղուկն ու օծանելիքը: Մնացած բաների հետ կապված ոչ մի խնդիր չկա:
Քանի որ անհրաժեշտ չափերը նախկինում չեն պահպանվել, ինքնաթիռներում միշտ խնդիր էր առաջանում ձեռքի պայուսակը տեղավորելու համար: Իսկ այս դեպքում ոչ մի խնդիր ինքնաթիռի սրահում չի լինի»,– հավելեց նա:
Ի դեպ, որպես այս փոփոխությունների «արդարացում», «Աէրոֆլոտի» կայքում նշվում է, որ դրանք պայմանավորված են բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկերությանը ներկայացրած բողոքներով, մասնավորապես՝ ինքնաթիռի սրահում ուղեբեռի տեղավորման համար նախատեսված տարածքի պակասով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում