ՎՏԲ բանկում կատարված խոշոր գումարի հափշտակության դեպքով քննությունը շարունակվում է
Երևանում ՎՏԲ բանկի Բաղրամյան 56 հասցեում գտնվող մասնաճյուղում փետրվարի 19-ին կատարված խոշոր գումարի հափշտակության դեպքով քննությունը շարունակվում է: Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Սոնա Տռուզյանը:
«Քննություն է ընթանում և քննության շահերից ելնելով` այս պահին լրացուցիչ տեղեկություն տրամադրել չենք կարող»,- ասաց Տռուզյանը:
Փետրվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ և աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակմամբ, հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար։ Պատճառված վնասի չափը հստակեցվում է. ըստ նախնական հաշվարկների՝ հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար:
Դեպի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։
Կատարվել էր դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
տեսանյութը՝ Shamshyan.com-ի