Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը կկանչվի դատարան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ հարկային մարմինների երկու բարձրաստիճան պաշտոնյաների` Մյասնիկյանի շրջանի հարկայինի նախկին պետ Գագիկ Մազմանյանի և Էջմիածնի հարկայինի նախկին պետ Արամ Հովսեփյանի կաշառքի գործով դատը:
Գ. Մազմանյանն ու Ա. Հովսեփյանը մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման և 40000–ական դոլար կաշառք ստանալու մեջ:
Այս գործով սկզբում անցնում էին նաև ՀՀ պետեկամուտների կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության պետ Արկադի Բալայանը և Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, սակայն հետագայում նրանք «դուրս պրծան» գործից:
Երեկ, դատավարության ժամանակ Գագիկ Մազմանյանի դատապաշտպան, հայտնի իրավաբան Աշոտ Սարգսյանը պահանջեց դատարան կանչել Արկադի Բալայանին և Անդրանիկ Միրզոյանին, քանի որ գործարար Ռուզան Աբրահամյանը նրանց դեմ նույն ցուցմունքն էր տվել:
Ըստ մեղադրյալ Ռ. Աբրահամյանի` ինքը նրանց նույնպես խոշոր չափի կաշառք էր տվել:
Կհայտնվե՞ն արդյոք Բալայանն ու Միրզոյանը դատարանում, դժվար է ասել: Մեր տվյալներով` Բալայանը հզոր թիկունք ունի` հանձին իր բարեկամ, մոսկվաբնակ Գենադի Սարգսյանի (կինդեր սյուրպրիզ):
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: