4700 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է 11487 աջակցություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը հրապարակել է հիմնադրամի կողմից 2017 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
«Պետական աջակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանը» 2017 թ. ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից ուղղվել է 152 միլիոն դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ–ի կողմից սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով շուրջ 4 հազար 700 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների տրամադրվել է 11 հազար 487 աջակցություն:
Աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների 3,3%–ը գործում է Երևան քաղաքում, իսկ 96,7%–ը՝ մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում: Ամենից շատ աջակցություն ստացած մարզը Լոռին է՝ 2 հազար 328 աջակցությամբ, այնուհետև Կոտայքի մարզը, որտեղ աջակցությունների թիվը կազմել է 1,958: Աջակցությունների մնացած մասը բաշխվել է հետևյալ կերպ՝ Արագածոտնի մարզ` 1126, Արարատի մարզ` 902, Արմավիրի մարզ` 410, Գեղարքունիքի մարզ` 1,029, Շիրակի մարզ` 888, Սյունիքի մարզ` 407, Վայոց ձորի մարզ` 1057, Տավուշի մարզ՝ 1,003 և վերջապես Երևան` 379:
Ծրագրի դասընթացային փուլին մասնակցելու արդյունքում 464 մասնակիցներից 380–ը կազմել են անհատական գործարար ծրագրեր և ներկայացրել ծրագրի գնահատող աշխատանքային խմբին: Սրանցից 162–ը գնահատվել է իրատեսական, այդ թվում 119–ն ընդգրկվել է «Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն» ծրագրում:
Ընդհանուր առմամբ, 2017 թ. ընթացքում «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակներում պետական գրանցում են ստացել և սկսել ձեռնարկատիրական գործունեություն 82 սկսնակ գործարարներ՝ ապահովելով 94 աշխատատեղ։
Սկսնակ գործարարներից 14–ը հիմնել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ՝ ստեղծելով 17 աշխատատեղ, իսկ 68–ը անհատ ձեռնարկատերեր են, որոնք ստեղծել են հավելյալ 9 աշխատատեղ: Պետական գրանցում ստացածներից 4–ը՝ 2015 թ. իրականացված ծրագրերի մասնակիցներն են, 7–ը՝ 2016 թ.–ի, իսկ 71–ը՝ 2017 թ.–ի:
Գրանցված ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտները երկուսն են եղել՝ արտադրություն և ծառայություններ՝ 50/50 հարաբերակցությամբ:
Նախորդ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն են ստացել 66 սկսնակ գործարարներ: Ստացված վարկերի ընդհանուր գումարը կազմել է 280 միլիոն 500 հազար դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ–ի երաշխավորությունը կազմել է մի փոքր ավելի՝ 288 միլիոն 500 հազար դրամ: Ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարներին տրամադրված երաշխավորության միջին գումարը կազմել է 4 միլիոն 400 հազար դրամ, իսկ ստացված վարկային միջոցների միջին գումարը` 4 միլիոն 200 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում