Մի շարք ծառայությունների սակագներ թանկացել են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1,5% գնաճ: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Այս ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0,1%, կահույքի և կահավորանքի՝ 0,5%, կենցաղային սարքերի՝ 0,7%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ–կարասու՝ 1,1%, դեղագործական ապրանքների 1,3% գնաճ:
Հագուստն ու կոշկեղենն էժանացել է: Կոշիկի և հագուստի գները նվազել են համապատասխանաբար 4,7% և 2,7%–ով: 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ բենզինի, դիզելային վառելիքի և փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գներն աճել են համապատասխանաբար՝ 5,4%, 16,3% և 11,8%–ով, իսկ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ՝ 28,7%, 37,3% և 10,9%–ով:
Դիտարկված բոլոր քաղաքներում 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0,7–3,5% գնաճ: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գավառում, իսկ Երևանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,8%–ով:
ԱՎԾ–ի տվյալներով՝ մատուցված ծառայությունների ոլորտում 2018–ին արձանագրվել է սակագների 0,2% հավելաճ:
Բնակարանային ծառայությունների սակագները աճել են 0,2%–ով, տրանսպորտինը՝ 0,2%–ով, ինչը պայմանավորված է օդային տրանսպորտով, միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0,5% հավելաճով:
Կրթության ծառայությունների սակագներն աճել են 0,8%–ով, հանգստի և մշակույթի ծառայությունները՝ 2,1%–ով, հյուրանոցային ծառայությունները՝ 4,4%–ով: Առողջապահության, կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Դիտարկված բոլոր քաղաքներում 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0,1–0,5% հավելաճ:
Ըստ վիճակագրության՝ համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0,1%–ով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում