Ծերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր Կամենդատյան
«30 քմ՝ առանց գույքահարկի»։
Առաջարկում եմ սա ձևակերպել որպես հստակ պետական քաղաքականություն։
Առաջարկ․ յուրաքանչյուր անձի համար 30 քմ բնակարան՝ առանց գույքահարկի
1. Կենսաթոշակային տարիքի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատվի իրեն պատկանող բնակելի անշարժ գույքի յուրաքանչյուր անձին բաժին ընկնող մինչև 30 քմ մակերեսի գույքահարկից։
2. Եթե բնակարանում գրանցված և սեփականության իրավունք ունեցող երկու տարեց կա, ապա նրանց համար հարկումից ազատվող մակերեսը կկազմի 60 քմ։
3. Երեք անձի դեպքում՝ 90 քմ։
4. Եթե բնակարանի մակերեսը գերազանցում է սահմանված անվճար շեմը, գույքահարկը հաշվարկվի միայն գերազանցող մակերեսի համար։
Ինչո՞ւ է սա արդարացի։
Տարեց մարդու բնակարանը շքեղություն չէ, այլ նրա կյանքի ընթացքում վաստակած տունը։
Կենսաթոշակը պետք է ծառայի սննդի, դեղորայքի և արժանապատիվ կյանքի ապահովմանը, ոչ թե ամբողջությամբ ուղղվի հարկերի վճարմանը։
Պետությունը չպետք է տարեց մարդուն կանգնեցնի իր սեփական տանը ապրելու և հարկային պարտավորությունները կատարելու անհնարին ընտրության առաջ։
Քաղաքական կարգախոսը՝
Մարդը ամբողջ կյանքում աշխատել է, տուն է կառուցել, հարկեր է վճարել։ Ծերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը։ Յուրաքանչյուր տարեց մարդու համար՝ 30 քմ բնակելի տարածք առանց գույքահարկի։
Որպեսզի առաջարկը կյանքի կոչվի, այն պետք է դառնա հանրային պահանջ։ Բոլորին առաջարկում եմ տարածել այս գրառումը, հավանել իմ ֆբ էջը և լսելի դարձնել մեր մարդասիրական պահանջը։