«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը Հայաստանի տարբեր մարզերում շարունակում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքները։ Վերջին շաբաթներին իրականացված և մեկնարկած ծրագրերն ընդգրկում են Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրեր։
Իջևանում ընկերությունը վերակառուցում է շուրջ 400 մետր երկարությամբ կոյուղագիծ՝ լուծելով տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող խնդիրները։ Նախատեսվում է նաև նոր խողովակաշար կառուցել «Սպիտակ Ջուր» ջրամբարի ջրահեռացման համար։
Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում արդեն ավարտվել է 750 մետր ջրագծի փոխարինումը։ Արդյունքում 40 բաժանորդ և 3 հանրային տարածք ապահովվել են կանոնավոր ջրամատակարարմամբ, իսկ ջրակորուստները նվազել են շուրջ 2 լիտրով վայրկյանում։
Բռնակոթում մասնագետները ձմռանն ընդառաջ հայտնաբերել և վերացրել են ջրագծի 7 վթար՝ միաժամանակ փոխարինելով 30 մետր երկարությամբ վնասված հատվածը։
Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրում էլ մեկնարկել է ջրամատակարարման ցանցի վերակառուցման նոր փուլը։ 2026–2027 թվականներին նախատեսվում է կառուցել շուրջ 7,2 կմ ջրագիծ, ինչի արդյունքում 170 բաժանորդի ջրամատակարարումը կդառնա ավելի հուսալի, իսկ ջրակորուստները կնվազեն շուրջ 5–6 լիտրով վայրկյանում։
Իրականացվող ծրագրերի նպատակն է արդիականացնել տասնամյակներ շարունակ շահագործվող ենթակառուցվածքները, նվազեցնել վթարների և ջրակորուստների քանակը և բարելավել բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը։
Աշխատանքների մանրամասները՝ տեսանյութում։