Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old Yerevan
Politics

Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Խաղաղությո՞ւն, թե՞ սեփական պետական ինքնության վերանայում։ Արդյո՞ք Հայաստանը պետք է փոխի իր հիմնարար օրենքը՝ ապացուցելու համար, որ ձգտում է խաղաղության։ Այս հարցերն այլևս միայն իրավաբանների կամ քաղաքական գործիչների քննարկման առարկան չեն։ Դրանք վերաբերում են յուրաքանչյուր քաղաքացու, մեր պետության ապագային և անկախության բուն իմաստին։

 Խաղաղության ձգտումը չի կարող նշանակել սեփական պատմությունից հրաժարում, անկախ պետականության հիմնարար փաստաթղթերի արժեզրկում կամ Սահմանադրության վերափոխում՝ արտաքին քաղաքական պահանջներին համապատասխան։ Խաղաղությունը պետք է դառնա մեր պետականության ամրապնդման հիմքը, ոչ թե դրա պատմական ու իրավական հիմքերը վերանայելու պատճառը։ Ուստի, հարցը պետք է հնչեցնել ուղիղ և առանց շրջանցումների՝ արդյո՞ք նոր Սահմանադրությունն իսկապես անհրաժեշտ է Հայաստանին, թե՞ այն աստիճանաբար վերածվում է խաղաղության հասնելու համար առաջադրվող արտաքին քաղաքական նախապայմանի։

Իմ համոզմամբ, նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստից չի բխում։ Այն չի կարող հիմնավորվել միայն հարևան պետության դժգոհությամբ կամ նրա ներկայացրած քաղաքական պահանջներով։ Եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, ապա այդ անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի Հայաստանի ներքին պետական, իրավական և ժողովրդավարական զարգացման շահերով։ Սահմանադրության փոփոխությունը չի կարող դառնալ խաղաղության հասնելու միակ ճանապարհը, առավել ևս՝ արտաքին քաղաքական պահանջի կատարման միջոցը։

Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր անկախ պետականության վերականգնման պատմական գործընթացի առանցքային փաստաթուղթն է։ Այն արտահայտում էր 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետության պետականության ավանդույթը շարունակելու և անկախ պետականություն վերականգնելու ժողովրդի քաղաքական կամքը, որն իր հերթին հաստատվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Հռչակագրի 12-րդ կետը սահմանում էր, որ այն հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման համար։ Սակայն Հռչակագրի պատմական և հիմնադիր նշանակությունը պետք է տարբերել դրա յուրաքանչյուր դրույթի՝ ներկայում անմիջական իրավական կիրառելիությունից։ Հռչակագրին սահմանադրական հղումը չի նշանակում, որ դրա բոլոր ձևակերպումներն ինքնաբերաբար դարձել են գործող Սահմանադրության նորմեր։

Այս հարցում առանցքային նշանակություն ունի ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը։ Դատարանը մեկնաբանել է Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին կատարված հղումը՝ նշելով, որ այն վերաբերում է Հռչակագրում ամրագրված այն հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, որոնք ամրագրված են հենց գործող Սահմանադրությամբ։ Սա գործող Սահմանադրության վերաբերյալ կարևոր իրավական մեկնաբանություն է։ Հետևաբար, նոր Սահմանադրության անհրաժեշտությունը հիմնավորելու համար պետք է հստակ ցույց տալ, թե կոնկրետ ինչ սահմանադրական խնդիր է մնում չլուծված, և ինչու այն հնարավոր չէ կարգավորել գործող իրավական մեխանիզմներով։ ՍԴ որոշումը, իհարկե, չի լուծում Հռչակագրի հետ կապված բոլոր պատմական ու քաղաքական հարցերը, բայց այն չի կարող անտեսվել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելիս։

Ադրբեջանի մտահոգությունը կապված է Հռչակագրի նախաբանում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման հիշատակման հետ։ Սակայն պատմական փաստաթղթում որևէ իրադարձության հիշատակումը և Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքային պահանջների առկայությունը նույնական իրավական հասկացություններ չեն։ Պատմական հիշատակումը ինքնին դեռ չի ապացուցում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Նման պնդումը պետք է գնահատվի գործող Սահմանադրության, Սահմանադրական դատարանի տված մեկնաբանության և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։

Այստեղ անհրաժեշտ է տարբերակել երկու հանգամանք։ Նախ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի հրապարակված տեքստը չի պարունակում Հայաստանի կողմից նոր Սահմանադրություն ընդունելու կամ Անկախության հռչակագրին կատարված հղումը վերացնելու պարտավորություն։ Երկրորդ՝ Ադրբեջանը քաղաքական մակարդակում Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես համաձայնագրի ստորագրման նախապայման։ Սակայն քաղաքական նախապայմանի առկայությունը դեռ չի նշանակում, որ այդ պահանջը համաձայնագրի դրույթ է կամ Հայաստանի կողմից արդեն ստանձնած միջազգային իրավական պարտավորություն։

Համաձայնագրի 1-ին հոդվածով կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունն ու քաղաքական անկախությունը, իսկ 2-րդ հոդվածով հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Եթե խնդիրը երկու պետությունների միջև տարածքային պահանջների բացակայության փոխադարձ ճանաչումն է, ապա դրա լուծման իրավական ճանապարհը միջազգային պայմանագիրն է և դրանում ամրագրված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։

1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածը նախատեսում է միջազգային պայմանագրերի բարեխիղճ մեկնաբանություն՝ դրանց տեքստի, համատեքստի և նպատակի հիման վրա։ Հետևաբար, եթե կողմերի միջև շարունակում է մնալ տարաձայնություն Անկախության հռչակագրի հիշատակման նշանակության վերաբերյալ, Հայաստանը կարող է առաջարկել այդ հարցը հստակեցնել փոխադարձ համաձայնեցված մեկնաբանական փաստաթղթով կամ լրացուցիչ արձանագրությամբ։ Նման լուծումը, բնականաբար, պահանջում է երկու կողմերի համաձայնությունը, սակայն ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունը միակ հնարավոր ճանապարհը չէ։

Միաժամանակ անհրաժեշտ է գնահատել նախաստորագրված համաձայնագրի ամբողջ բովանդակությունը, այլ ոչ միայն դրա առաջին երկու հոդվածները։ 12-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող իր ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես համաձայնագիրը չկատարելու արդարացում։ Սակայն այդ դրույթը վերաբերում է համաձայնագրի կատարմանը և ինքնին չի ստեղծում մինչև դրա ստորագրումը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պարտավորություն։ 15-րդ հոդվածը վերաբերում է մինչև համաձայնագրի ստորագրումը գոյություն ունեցած հարցերով միջպետական հայցերին, բողոքներին և վարույթներին։ Դրա կիրառման շրջանակը ևս պահանջում է մանրակրկիտ իրավական քննարկում՝ հատկապես անհատական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Պետք է հիշել նաև, որ նախաստորագրումը դեռևս չի նշանակում պայմանագրի ուժի մեջ մտնել. 6-րդ հոդվածով դրա ուժի մեջ մտնելը պայմանավորված է ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումների փոխանակմամբ։

Նոր Սահմանադրության ընդունումը պետության համար հիմնարար որոշում է։ Այն վերաբերում է կառավարման համակարգին, իշխանության ճյուղերի փոխհարաբերություններին, մարդու իրավունքների երաշխիքներին և պետական ինստիտուտների ապագային։ Ուստի նման փոփոխությունը պետք է ունենա ինքնուրույն և համապարփակ հիմնավորում, անցնի իրական հանրային քննարկում և արտահայտի ժողովրդի ազատ կամքը։ Եթե իշխանությունները գտնում են, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ապա պետք է հանրությանը ներկայացնեն դրա բովանդակային անհրաժեշտությունը՝ անկախ Ադրբեջանի պահանջներից և խաղաղության գործընթացի ընթացքից։ Միայն այդ դեպքում սահմանադրական փոփոխությունը կարող է դիտարկվել որպես Հայաստանի ներքին ժողովրդավարական և պետական զարգացման գիտակցված ընտրություն։

Հայաստանը չպետք է ընտրության առաջ կանգնի խաղաղության և սեփական պետական ինքնության միջև։ Այս երկու արժեքները հակասության մեջ չեն։ Մենք կարող ենք ճանաչել միջազգային սահմանների անձեռնմխելիությունը, ստանձնել տարածքային պահանջներ չառաջադրելու փոխադարձ պարտավորություններ և զարգացնել հարևանների հետ խաղաղ հարաբերություններ՝ միաժամանակ պահպանելով մեր անկախ պետականության պատմական հիշողությունը։

 Ուստի, գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչպես փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հարևան պետության մտահոգությունները փարատելու համար, այլ այն, թե ինչպես ապահովել իրական, փոխադարձ և երկարատև խաղաղություն՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդի կամքը։ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, ոչ թե նոր Սահմանադրություն՝ որպես խաղաղության դիմաց վճարվող գին։ Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը՝ ելնելով իր երկրի ապագայից և պետական շահերից, ոչ թե արտաքին քաղաքական նախապայմաններից։ Խաղաղությունը պետք է ամրապնդի հայկական պետականությունը, ոչ թե դառնա դրա պատմական հիմքերը վերանայելու պատճառ։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ 

Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում