Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
Economy

Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 5 տրլն 163,9 մլրդ դրամի, ինչը մոտ 380 դրամ/ դոլար փոխարժեքով կազմում է շուրջ 13,6 մլրդ դոլար։ Նույն տարվա պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներով պարտքի մարման և սպասարկման համար ընդհանուր առմամբ նախատեսված է հատկացնել շուրջ 1 տրլն 50 մլրդ դրամ՝ մոտ 2,7 մլրդ դոլար։ Առանձին վերցրած՝ այս թվերը կարող են թվալ տանելի, մանավանդ երբ դրանք ուղեկցվում են տնտեսական աճի մասին լավատեսական հայտարարություններով։ Բայց երբ դրանք դրվում են բյուջեի մյուս հոդվածների կողքին, պատկերը փոխվում է։

1 տրլն 50 մլրդ դրամը 2026 թվականի բյուջեի նախատեսված եկամուտների՝ 3 տրլն 91 մլրդ դրամի շուրջ մեկ երրորդն է, մոտ մեկուկես անգամ գերազանցում է ամբողջ տարվա կապիտալ ծախսերի ծավալը՝ 704 մլրդ դրամը և համարժեք է համախառն ներքին արդյունքի կանխատեսվող ծավալի մոտ 8,8 տոկոսին։ Ճիշտ է, այս գումարը ներառում է ոչ միայն տոկոսները, այլև հիմնական պարտքի մարումները, որոնց զգալի մասը սովորաբար վերաֆինանսավորվում է նոր փոխառություններով, սակայն հենց դա է երևույթի էությունը. պետությունը նոր վարկեր է վերցնում ոչ միայն զարգացման, այլև հին պարտքերի մարման ու սպասարկման համար։

Այս ֆոնին առանձնակի ուշադրության է արժանի 2026 թվականի վարկային ժամանակագրությունը։ Կառավարությունը տևական ժամանակ տնտեսական կայունությունն ապահովել է հենց վարկերի հաշվին, սակայն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո այդ պրակտիկան նոր թափ է ստացել. ընտրություններից հետո են ստորագրվել ՎԶՄԲ-ի վարկի հունիսի 8-ի փաթեթը, ԱԶԲ-ի սեյսմիկ ծրագիրը, OFID-ի և AFD-ի վարկերը, իսկ ավելի վաղ ստորագրված երեք համաձայնագրերի հաստատումն ու վավերացումը տեղի է ունեցել օգոստոս– հոկտեմբերին։

Հետևենք ժամանակագրությանը։

Մարտի 10-ին Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի» երրորդ ենթածրագիրը, վարկային համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 21-ին, իսկ օգոստոսի 10ին այն վերջնականապես հաստատվել է։ Մարտի 25-ին Ազգային ժողովը վավերացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» ծրագրի վարկային համաձայնագիրը, և նախագահը համապատասխան օրենքը ստորագրել է ապրիլի 8-ին։

Ապրիլի 29–30-ին Համաշխարհային բանկի խմբի հետ ստորագրվել են բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, որոնք հոկտեմբերի 12-ին վավերացվել են Ազգային ժողովում, իսկ հոկտեմբերի 13-ին օրենքը ստորագրել է նախագահը։

Հունիսի 3-ին և 8-ին ստորագրվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության վարկը»՝ 170,3 մլն եվրո ծավալով, որի հաստատմանը կառավարությունը հավանություն է տվել օգոստոսի 6-ին։

Հուլիսի 17-ին ԱԶԲ-ի հետ ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» համաձայնագիրը՝ մոտ 293 մլն դոլարի վարկային ֆինանսավորմամբ, իսկ սեպտեմբերի սկզբին կառավարությունը հաստատել է ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը՝ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար։

Եվ, վերջապես, հոկտեմբերի 1-ին ստորագրվել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) 250 մլն եվրոյի վարկային գիծը՝ բյուջետային աջակցության և հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների համար։ Այսպիսով, ութ ամսվա ընթացքում յոթ առանձին վարկային ծրագիր է անցել ստորագրման, հաստատման կամ վավերացման այս կամ այն փուլով։ 

Այս ցանկը պարզապես գումարել ու դրանից «նոր պարտքի» ընդհանուր թիվ ստանալը, սակայն, սխալ կլինի, քանի որ անհրաժեշտ է հստակեցնել մի քանի հանգամանք։ Նախ՝ ԱԶԲ-ի հարկաբյուջետային ծրագիրն ընդհանուր ժամանակագրության մեջ երևում է երկու անգամ՝ հաստատման և ստորագրման փուլերում, բայց դա նույն ծրագիրն է, ուստի առանձին վարկ չի համարվում։ Երկրորդ՝ Համաշխարհային բանկի բնակարանային ծրագրի հայտարարված 284,4 մլն դոլարն ամբողջությամբ վարկ չէ. այն ներառում է և՛ վարկային, և՛ դրամաշնորհային բաղադրիչներ, որոնք պետք է տարանջատել։ Երրորդ՝ ԱԶԲ-ի հարկաբյուջետային ծրագրի և ՎԶԵԲ-ի մաքսային կենտրոնի վարկերի գումարները հրապարակված նյութերում չեն նշվում։ Չորրորդ՝ համաձայնագրի ստորագրումը կամ վավերացումը դեռևս գումարի փաստացի ստացման ապացույց չէ. օրինակ՝ AFD-ի 250 մլն եվրոն վարկային գիծ է, որը 2026–2028 թվականների եռամյա ծրագրի առաջին ենթածրագրի մասն է, և միջոցները փոխանցվելու են փուլերով։

Այդուհանդերձ, նույնիսկ այս զգուշավոր հաշվարկով թվերը խոսուն են։ Միայն եվրոյով արտահայտված երեք համաձայնագրերը՝ ՎԶՄԲ-ինը, OFID-ինը և AFD-ինը, միասին կազմում են 500,3 մլն եվրո, ինչը մոտ 580–590 մլն դոլար է, իսկ ԱԶԲ-ի սեյսմիկ ծրագրի 293 մլն դոլարի հետ միասին՝ շուրջ 880 մլն դոլար։ Եվ սա դեռ առանց բնակարանային ծրագրի վարկային բաղադրիչի և առանց այն երկու վարկի, որոնց ծավալները չեն հրապարակվել։

Ավելի կարևոր է, սակայն, ոչ թե գումարը, այլ վարկերի բնույթը։ Յոթ ծրագրից երեքը նպատակային են և ուղղված են կոնկրետ արդյունքի. մաքսային և լոգիստիկ կենտրոնի ենթակառուցվածք, բնակարանային ու հիփոթեքային շուկայի զարգացում, դպրոցների կառուցում և սեյսմիկ ամրացում։ Սրանք ստեղծում են շոշափելի ակտիվ, որը տարիներ շարունակ աշխատելու է երկրի համար, և այդպիսի վարկերի տրամաբանությունը հասկանալի է։ Մյուս չորսը՝ ԱԶԲ-ի հարկաբյուջետային ծրագիրը, ՎԶՄԲ-ի զարգացման քաղաքականության վարկը, OFID-ի և AFD-ի վարկերը, ըստ իրենց նկարագրության, ուղղված են բյուջետային աջակցությանը, պետական ֆինանսների կառավարմանը և հարկաբյուջետային քաղաքականությանը, այսինքն՝ չեն ստեղծում որևէ կոնկրետ օբյեկտ, այլ ծածկում են պետական բյուջեի ընդհանուր կարիքները։

OFID-ի 80 մլն եվրոն ուղղակիորեն նախատեսված է բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար, և դա ոչ թե նպատակային ենթակառուցվածքային, այլ բյուջետային աջակցության վարկ է։ Եթե եվրոյով արտահայտված երեք բյուջետային վարկերի 500,3 մլն եվրոն վերածենք դրամի, կստանանք ավելի քան 220 մլրդ դրամ, այսինքն՝ 2026 թվականի բյուջեում նախատեսված 537 մլրդ դրամ պակասուրդի շուրջ 40 տոկոսը։ Իհարկե, միջոցների փոխանցման ժամկետները կարող են տարբերվել, բայց համամասնությունն ինքնին ցույց է տալիս, թե ինչպիսի կշիռ ունի այս աղբյուրը ընթացիկ ֆինանսավորման մեջ։

Նույն տրամաբանությունը շարունակվում է նաև 2027 թվականի նախագծում։ Հոկտեմբերի 1-ին կառավարության հավանությանն արժանացած 2027 թվականի պետական բյուջեի նախագծով եկամուտները կազմում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։ Այդ պակասուրդի մոտ 280,7 մլրդ դրամը՝ շուրջ 60 տոկոսը, նախատեսվում է ծածկել արտաքին աղբյուրներից, և միայն մոտ 187,5 մլրդ դրամը՝ ներքին։ Եթե այս թվերը համեմատենք ֆինանսների նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական տարբերակի հետ, որտեղ 2027 թվականի համար նախատեսվում էր 3 տրլն 308,4 մլրդ դրամ եկամուտ, 3 տրլն 755,4 մլրդ դրամ ծախս և 447,1 մլրդ դրամ պակասուրդ, ապա կտեսնենք, որ նախագծի ծախսերը նախկին պլանից ավելի են մոտ 317 մլրդ դրամով, եկամուտները՝ մոտ 295 մլրդ դրամով, իսկ պակասուրդը անվանական արտահայտությամբ ոչ թե նվազել, այլ փոքր-ինչ աճել է։ Այսինքն՝ խոստացված հարկաբյուջետային կոնսոլիդացիան առայժմ չի արագանում։

 Եվ այստեղ հարց է առաջանում, որը հնչում է նույնիսկ պաշտոնական շրջանակներում. եթե տնտեսությունը շարունակում է աճել, ինչո՞ւ է կառավարությունն այսքան շատ վարկ վերցնում։ Աճն իսկապես տպավորիչ է. Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2026 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,9 տոկոսով, համախառն ներքին արդյունքը՝ շուրջ 6 տոկոսով, շինարարությունը՝ 24,5, ծառայությունները՝ 11, արդյունաբերությունը՝ 10,8 տոկոսով։

Սակայն այդ աճի կառուցվածքին պետք է նայել մանրամասնորեն։ Այդ աճի մի մասը, ըստ երևույթին, իսկապես ապահովվում է հենց այդ վարկերով և դրանցով ֆինանսավորվող պետական ծախսերով։ Հետաքրքրական է, որ պետությունը ՀՆԱ-ի նկատմամբ իր ներդրումային ծախսերը երկու անգամ ավելացրել է, և դրա զգալի մասը ֆինանսավորվում է փոխառված միջոցներով։ Այս համատեքստում ուշադրության է արժանի շինարարության 24,5 տոկոս աճը՝ ամենաարագ աճող ճյուղը, թեև դրա վրա, իհարկե, ազդում է նաև մասնավոր շինարարությունը։ Պետական պակասուրդը, ըստ էության, հանդես է գալիս որպես պահանջարկի խթանիչ։ Փողը գալիս է հիմա, ծախսվում է հիմա, աճի թվերում երևում է հիմա, մինչդեռ վարկի վերադարձը ձգվում է տասնամյակներով։ Խթանն ավելի շուտ է տեսանելի լինում, իսկ բեռը հետաձգվում ու փոխանցվում է հաջորդ կառավարություններին և հաջորդ սերունդներին։

Աճի որակի մասին խոսում են նաև տնտեսության մյուս ցուցանիշները։ 2026 թվականի առաջին կիսամյակում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5,5 տոկոսով՝ հասնելով 310787 դրամի, մինչդեռ սպառողական գների ինդեքսը նույն ժամանակահատվածում կազմել է 4,6 տոկոս, այսինքն՝ իրական աշխատավարձի աճը մեկ տոկոսից էլ քիչ է։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքը նվազել է 11,9 տոկոսով։ Արտահանումը կրճատվել է 6,7 տոկոսով՝ հասնելով 3,43 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն աճել է 4 տոկոսով՝ հասնելով 6,14 մլրդ դոլարի, ինչի հետևանքով արտաքին առևտրի դեֆիցիտը կազմել է մոտ 2,7 մլրդ դոլար և մոտ 480 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։

ԱԶԲ-ի գնահատմամբ, ներդրումների աճը 2026 թվականի առաջին կիսամյակում կտրուկ դանդաղել է՝ 25,2 տոկոսից հասնելով 0,4 տոկոսի, թեև բանկը դա հիմնականում բացատրում է պաշարների ավելի քան 50 տոկոս կրճատմամբ։

Վերջապես, Կենտրոնական բանկը սեպտեմբերի 15-ին այս տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման դրույքը՝ 6,5-ից մինչև 6,75 տոկոս՝ պատճառաբանելով ներքին պահանջարկի ավելցուկը և գնաճային սպասումների աճը, իսկ գնաճը հուլիսին և օգոստոսին կազմում էր համապատասխանաբար 4,5 և 4,4 տոկոս՝ գերազանցելով Կենտրոնական բանկի թիրախը։

Սա այն տնտեսության պատկերն է, որտեղ պահանջարկը տաքանում է, իսկ արտադրողական ու արտահանողական հնարավորությունները նրա հետ չեն քայլում։ Վարկերը հեշտացնում են պահանջարկի ֆինանսավորումը, բայց ինքնին չեն ավելացնում այն եկամուտը, որով վաղը պետք է վճարվեն դրանց դիմաց։ Իշխանությունները որպես իրենց մոտեցումը հիմնավորող փաստարկ կարող են նշել, որ վարկեր տրամադրվում են, քանի որ երկիրը վարկունակ է, և եթե տալիս են, նշանակում է՝ վստահում են։ Բայց խնդիրն այն է, որ վարկունակությունը և ֆինանսական առողջությունը նույն բանը չեն։ Վարկունակությունը ցույց է տալիս, թե որքան հեշտ է պարտք վերցնել, իսկ ֆինանսական առողջությունը՝ թե որքանով է դա պետության համար անհրաժեշտ։ Մարդը կարող է գերազանց վարկային պատմություն ունենալ և միաժամանակ ամեն ամիս նոր վարկ վերցնել նախորդը մարելու համար, և բանկը նրան կշարունակի վարկավորել հենց այնքան ժամանակ, քանի դեռ նա ժամանակին վճարում է, սակայն դա չի նշանակում, որ նրա ֆինանսական վիճակը առողջ է։

Այս ֆոնին առավել խոսուն է այն, թե ինչ տեղ են զբաղեցնում վարկի պայմաններն ու տոկոսադրույքները հանրային քննարկման մեջ։ Եթե նախկինում պաշտոնական հայտարարություններում որոշակի շեշտ էր դրվում այն բանի վրա, որ վարկերը լինեն էժան, երկարաժամկետ և արտոնյալ, ապա այժմ թվում է, թե առաջնային է դարձել ներգրավման փաստը։

Այս ամենից չի հետևում, թե Հայաստանը պետք է հրաժարվի վարկերից, քանզի զարգացող երկրի համար արտաքին ֆինանսավորումը սովորական և հաճախ անհրաժեշտ գործիք է, իսկ դպրոցների սեյսմիկ ամրացումը, մաքսային և լոգիստիկ կենտրոնը, հիփոթեքային շուկայի զարգացումը կարող են ունենալ երկարաժամկետ վերադարձ, ուստի այդպիսի վարկերը լիովին արդարացված են։ Խնդիրը փոխառության փաստը չէ, այլ դրա որակը, գինը, թափանցիկությունը և վերադարձը։ Վարկը, որը ստեղծում է ակտիվ, ինքն իրեն կարող է փոխհատուցել, իսկ այն վարկը, որը ծածկում է ընթացիկ պակասուրդը կամ վճարում հին պարտքերի սպասարկումը, վերադարձի հաշվարկ չունի, և այն ժամանակ, երբ այդպիսի վարկերի կշիռն աճում է, պարտքի կայունությունը կախված է ոչ թե տնտեսական իրողությունից, այլ վարկատուների շարունակական պատրաստակամությունից։

Ուստի, առնվազն անհրաժեշտ է հրապարակել յուրաքանչյուր վարկի ամբողջական պայմանները՝ տոկոսադրույքը, արտոնյալ ժամկետը, արտարժութային կառուցվածքը և օգտագործման նպատակը, ինչպես նաև հստակ ցույց տալ, թե ներգրավված միջոցների որ մասն է գնում ներդրումներին և որ մասը՝ ընթացիկ կարիքների ու հին պարտքերի սպասարկմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում