Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր երկրի առջև ծառացած է ճակատագրական մի պահ։ Ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչներ միաբերան հայտարարեցին, թե պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկին։
Բայց եկեք ինքներս մեզ հարց տանք՝ որքանո՞վ է սա ճիշտ և որքանո՞վ է բխում մեր պետության շահերից։
Մի՞թե պարզ չէ, որ ՔՊ-ն հենց դա էլ ուզում է։ Նրանց նպատակն է կազմակերպել նոր, կեղծված ընտրություններ, ստանալ «լեգիտիմության» նոր քող և Իլհամին հանձնել իր պահանջած, փոփոխված Սահմանադրության տեքստը։ Գնալ նրանց առաջարկած ընտրություններին՝ նշանակում է խաղալ իրենց գրած կանոններով և դառնալ այդ կործանարար ծրագրի մասնակիցը։
Սրա փոխարեն ընդդիմությունը պետք է կտրուկ փոխի իր ռազմավարությունը։ Մենք պետք է․
1.Վիժեցնենք նոր ընտրությունների միտքը։ Թույլ չտանք իշխանություններին ընտրական շոուներով շեղել հասարակությանը բուն մարտահրավերներից։
2.Կառուցենք դանդաղ, հաստատուն և ավելի լայն արտախորհրդարանական դիմադրություն։ Միավորենք հանրության բոլոր առողջ և մտահոգ ուժերին՝ ստեղծելով իրական, ժողովրդական ճնշման հզոր ալիք։
3.Պարտադրենք ՔՊ-ի հրաժարականը՝ հստակ նախապայմաններով։ Եվ այդ նախապայմաններից առաջինն ու անհետաձգելին պետք է լինի գործող վարչապետի պարտադիր չմասնակցելը հետագա բոլոր ընտրություններին։
Այսօր հապճեպ ու անհեռատես քայլերի ժամանակը չէ։ Հայրենիքի անվտանգությունն ու պետականությունը փրկելու համար անհրաժեշտ է սկզբունքային, սառնասիրտ և հաստատակամ պայքար։