Սյունիքում շարունակում են թափուր մնալ բժիշկների աշխատատեղերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքի մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 3,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1,9%–ով: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91,6%–ը կամ 3,3 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16,5%–ով: Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազում է 68,9%, երիտասարդներինը՝ 20,1%, հաշմանդամություն ունեցող անձանցը՝ 5,2%, գյուղաբնակներինը՝ 34,4%:
Հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 10,4%–ը, թերի բարձրագույնը՝ 26,3%–ը:
Վիճակագրության համաձայն՝ գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման ոլորտի մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 54,5%–ը:
Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում 16–29 տարեկանները կազմում են 20,1%–ը, 30–44 տարեկանները՝ 39,3%–ը, 45–54 տարեկանները՝ 21,6%–ը, 55–ից բարձր տարիքի անձինք` 19%–ը:
Մարզում շարունակում են թափուր մնալ բժիշկների աշխատատեղերը: Միևնույն ժամանակ ներկայում աշխատաշուկայում պահանջարկված են սպասարկման ոլորտի՝ տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողները, այլ անհատական՝ ծառայություններ մատուցողները, խանութների վաճառողները, և ապրանքների ցուցադրողները, գեղարվեստական արհեստների և գեղարվեստական արդյունաբերության այլ տեսակների արտադրությունների բանվորները, մետաղից, փայտից, մանածագործվածքից և այլ նյութերից արտադրատեսակների պատրաստման և վերականգնման բանվորները և սննդի արդյունաբերության մասնագետները:
Սեպտեմբեր ամսին Կապան և Սիսիան քաղաքներում կազմակերպվել են աշխատանքի տոնավաճառներ: Մասնակցել է 1336 աշխատանք փնտրող, 55 գործատու, որոնց կողմից ներկայացվել է 108 թափուր աշխատատեղ: Առաջիկայում նրանց կողմից սպասվում է ստեղծել 27 նոր աշխատատեղ: Տոնավաճառների արդյունքում աշխատանքի է տեղավորվել 43 աշխատանք փնտրող:
Ըստ ԱՎԾ–ի տվյալների՝ դեռևս շարունակվում է մարզում բարձր մնալ գործազրկության մակարդակը, որը 2016 թվականին կազմել է 11,6%, այն 2015 թ. նկատմամբ նվազել է 4,1%–ով:
Տարեսկզբից մարզի ԶՏԿ–ներում խորհրդատվություն է ստացել 4834 աշխատանք փնտրող՝ մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության օրենսդրության, ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով: Տարվա ընթացքում կենտրոնները համագործակցել են մարզի 934 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 420 թափուր չկրկնվող աշխատատեղ:
Զբաղվածության կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել 459 աշխատանք փնտրող, որոնցից 75–ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում