Բնակարանային ծառայությունների սակագներն աճել են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անցյալ մեկ ամսում բարձրացել են նաև ծառայությունների սակագները: Մատուցված ծառայությունների ոլորտում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0,4% հավելաճ: Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Բնակարանային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0,2%–ով, տրանսպորտինը՝ 1,4%–ով: Վերջինս պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 8,9% հավելաճով: Հանգստի և մշակույթի ծառայությունների սակագներն աճել են 1,5%–ով:
Միաժամանակ, գրանցվել է հյուրանոցային ծառայությունների սակագների 7% նվազում, իսկ առողջապահության, կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Դիտարկված բոլոր քաղաքներում նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0,2–1,6% հավելաճ:
Ըստ վիճակագրության՝ հավելաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0,4%–ով:
ԱՎԾ–ի տվյալների համաձայն՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 2% և 1% հավելաճ :
2017թ. նոյեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է 1,1% և 0,5%:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 2,2% և 0,9% նվազում:
Նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 485,4 դրամ, ինչը 1,4%–ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: