Մոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական
Պորտուգալական «Բենֆիկան» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հեռանալու և Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին։ Լիսաբոնյան ակումբի ղեկին պորտուգալացի մասնագետին կփոխարինի անգլիական «Ֆուլհեմի» նախկին մարզիչ Մարկու Սիլվան։
««Բենֆիկան» տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտնել է Ժոզե Մոուրինյուին 15 միլիոն եվրոյի դիմաց հրավիրելու մտադրության մասին, ընդ որում՝ մարզիչը տվել է իր համաձայնությունը: Շնորհակալություն, Ժոզե Մոուրինյու»,- ասված է պորտուգալական ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Արքայական ակումբը 63-ամյա մասնագետի պայմանագրի խզման համար «Բենֆիկային» կվճարի 15 միլիոն եվրո հրաժարագին: Նշենք, որ Մոուրինյուն պորտուգալական ակումբը գլխավորում էր 2025 թվականի սեպտեմբերից։
Ավելի վաղ «Ռեալի» վերընտրված նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել էր Մոուրինյուի վերադարձը թիմ։ Պորտուգալացին Մադրիդի «Ռեալը» գլխավորել է նաև 2010-ից 2013 թվականներին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի Գավաթն ու Սուպերգավաթը:
Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո «Բենֆիկայի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Մարկու Սիլվան: Ակումբի մամուլի ծառայության համաձայն՝ 48-ամյա մասնագետի հետ ձեռք է բերվել երկու տարվա պայմանագրի շուրջ համաձայնություն՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Սիլվան 2021 թվականից գլխավորում էր անգլիական «Ֆուլհեմը» և կարողացել էր թիմին Չեմպիոնշիփից դուրս բերել Պրեմիեր լիգա։ Հունիսի 2-ին հայտնի էր դարձել, որ նա որոշել է հեռանալ լոնդոնյան ակումբից՝ հայրենիք վերադառնալու և «Բենֆիկան» գլխավորելու նպատակով: