Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Politics

Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցիոլոգիան իր դասական իմաստով հասարակության վիճակի ուսումնասիրության գիտություն է. այն պետք է պատասխանի այն հարցերին, թե ինչպիսի՞ տրամադրություններ կան հանրության ներսում, ի՞նչ սոցիալական շերտեր ինչ մտահոգություններ ունեն, ի՞նչ խնդիրներ են առաջնահերթ ընկալվում, ի՞նչ արժեքային բաժանումներ կան, ինչպիսի՞ վստահություն կամ անվստահություն կա պետական ինստիտուտների, քաղաքական ուժերի, առաջնորդների, արտաքին դերակատարների կամ հանրային օրակարգերի նկատմամբ։ Այս իմաստով սոցիոլոգիական հարցումը կարող է չափազանց կարևոր գործիք լինել թե՛ պետության, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ մեդիայի համար, որովհետև այն թույլ է տալիս ոչ թե ենթադրությունների, սոցիալական ցանցերի աղմուկի, քաղաքական հայտարարությունների կամ քարոզչական պատկերների հիման վրա հասկանալ հանրային տրամադրությունները, այլ որոշակի մեթոդաբանությամբ, ընտրանքի հաշվարկով, հարցաշարերի կառուցմամբ և վիճակագրական մշակմամբ մոտենալ իրականությանը։

Սակայն խնդիրը հենց այստեղ է սկսվում. այն պահին, երբ հասարակական կարծիքի չափման գործիքը հայտնվում է քաղաքական պայքարի կենտրոնում, այն դադարում է լինել միայն չափիչ սարք և կարող է վերածվել հենց այդ կարծիքի վրա ներգործող հզոր մեխանիզմի։ Հայաստանի նման քաղաքականապես բևեռացված, ինստիտուցիոնալ վստահության ճգնաժամեր ապրած և ընտրական գործընթացների նկատմամբ զգայուն հասարակություններում սոցիոլոգիական հարցումների նշանակությունը բազմապատկվում է։ Ընտրություններից առաջ քաղաքացիների մի մասը հստակ կողմնորոշված է լինում, մյուս մասը՝ ոչ։ Կան մարդիկ, որոնք քվեարկում են գաղափարական համոզմունքով, կան մարդիկ, որոնք առաջնորդվում են անվտանգության, սոցիալական վիճակի, տնտեսական սպասումների կամ արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցերով, կան նաև այնպիսիք, որոնց ընտրությունը ձևավորվում է վերջին շաբաթներին կամ նույնիսկ վերջին օրերին՝ ընդհանուր մթնոլորտի, «ով է հաղթելու» ընկալման, շրջապատի կարծիքի, վախերի, սպասումների և քարոզչական ազդակների ազդեցությամբ։

Այդ պայմաններում հրապարակված հարցումը դառնում է ոչ թե չեզոք տեղեկություն, այլ քաղաքական իրադարձություն։ Երբ հրապարակվում է, թե որևէ ուժ ունի, օրինակ՝ բարձր վարկանիշ կամ առաջատար դիրք, այդ տվյալը հասարակության մի մասի շրջանում կարող է ստեղծել անխուսափելիության զգացում. մարդիկ սկսում են մտածել, որ այդ ուժն է հաղթելու, իսկ քաղաքական հոգեբանության մեջ վաղուց հայտնի է, որ ընտրողների մի հատված հակված է միանալու այն կողմին, որը ներկայացվում է որպես հաղթող, ուժեղ, մեծամասնության աջակցությունն ունեցող։ Սա հաճախ անվանվում է «հաղթողի էֆեկտ», երբ քաղաքացին, հատկապես եթե նա դեռ ամբողջությամբ կողմնորոշված չէ, կարող է ենթագիտակցորեն փորձել չմնալ փոքրամասնության մեջ, չկորցնել քաղաքական «ճիշտ կողմում» լինելու զգացումը, չհակադրվել այն ուղղությանը, որն իրեն ներկայացվում է որպես հասարակական մեծամասնության ընտրություն։ Այս հոգեբանական մեխանիզմը շատ կարևոր է հասկանալու համար, թե ինչու են հարցումները երբեմն հրապարակվում ոչ այնքան իրական վիճակը ցույց տալու, որքան հաղթողի կերպար ձևավորելու նպատակով։ Սակայն նույնքան կարևոր է հակառակ էֆեկտը. երբ որևէ քաղաքական ուժի ներկայացնում են շատ ցածր ցուցանիշով, նրա համակիրների մի մասը կարող է հիասթափվել, ընկալել պայքարը որպես անիմաստ, չգնալ ընտրության կամ անցնել այլ ուժի, որը թվացյալ ավելի մեծ շանս ունի։

Այսինքն՝ հարցումը կարող է ոչ միայն ձայներ բերել առաջատարին, այլև ապամոբիլիզացնել հետ մնացողի կողմնակիցներին։ Երբ ընտրողին անընդհատ ասում են, որ իր նախընտրած ուժը «շանս չունի», դա կարող է դառնալ ինքնաիրականացվող կանխատեսում. մարդիկ չեն մասնակցում, որովհետև հավատում են, որ մասնակցությունը ոչինչ չի փոխելու, և արդյունքում տվյալ ուժի իրական արդյունքը իսկապես նվազում է։

Հենց այստեղ սոցիոլոգիական հարցումների քաղաքական ազդեցությունը դառնում է չափազանց խորքային։ Դրանք ազդում են ոչ միայն ընտրողի կարծիքի, այլև ընտրողի վարքի վրա՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել, քվեարկել համոզմունքո՞վ, թե՞ «ռազմավարական» տրամաբանությամբ, ընտրել սիրելի ուժի՞ն, թե՞ այն ուժին, որը «կարող է հաղթել», միանալ մեծամասնությա՞նը, թե՞ պահպանել անհատական դիրքորոշումը։ Այս բոլոր որոշումները կարող են փոխվել հարցումների հրապարակման արդյունքում։

Ի սկզբանե սոցիոլոգիական հարցումը պետք է ծառայի իրավիճակի ուսումնասիրությանը։ Քաղաքական ուժի համար այն կարող է լինել ներքին ախտորոշման գործիք՝ հասկանալու, թե որ մարզերում, որ տարիքային խմբերում, որ սոցիալական շերտերում կա աջակցություն կամ մերժում, որ թեմաներն են առավել ցավոտ, ինչ բառապաշար է հասկանալի հանրությանը, որ ուղերձներն են աշխատում, որոնք՝ ոչ, որ թեկնածուներն են վստահություն ներշնչում, որոնք՝ հակակրանք։

Եթե հարցումն արվում է բարեխիղճ մեթոդաբանությամբ և կիրառվում է ներքին վերլուծության համար, դա քաղաքականության մեջ բնական գործընթաց է։ Քաղաքական ուժերը, կառավարությունները, հասարակական կազմակերպությունները կարող են և պետք է ուսումնասիրեն հասարակությունը, որովհետև առանց հասարակության իրական խնդիրները հասկանալու քաղաքականությունը վերածվում է փակ սենյակներում գրված կարգախոսների։ Սակայն երբ նույն գործիքը օգտագործվում է հանրային ընկալումը փոխելու, մրցակցին ճնշելու, սեփական ուժին արհեստական առավելություն հաղորդելու կամ ընտրական գործընթացի հոգեբանական ֆոնն ուղղորդելու համար, այն արդեն դուրս է գալիս սոցիոլոգիայի մասնագիտական դաշտից և մտնում քաղաքական տեխնոլոգիայի, երբեմն նաև մանիպուլյացիայի դաշտ։

Հայաստանում այս խնդիրը հատկապես սրվում է այն պատճառով, որ հանրային վստահությունը ինստիտուտների նկատմամբ, ընդհանուր առմամբ, խոցելի է, իսկ տեղեկատվական դաշտը՝ խիստ բևեռացված։ Մարդիկ հաճախ նախապես որոշում են՝ որ հարցմանը հավատալ և որին չհավատալ՝ ոչ թե մեթոդաբանությունը ուսումնասիրելով, այլ այն բանի հիման վրա, թե տվյալ արդյունքը արդյոք համընկնո՞ւմ է իրենց քաղաքական նախասիրության հետ։ Եթե հարցման արդյունքը հաճելի է իրենց քաղաքական ճամբարին, այն ընկալվում է որպես «իրական պատկեր», եթե հակասում է, հայտարարվում է «պատվեր», «քարոզչություն» կամ «կեղծիք»։ Այս իրավիճակում նույնիսկ որակյալ սոցիոլոգիական հետազոտությունը կարող է կասկածի տակ դրվել, որովհետև հասարակությունը չունի բավարար վստահություն ո՛չ պատվիրատուների, ո՛չ հրապարակողների, ո՛չ մեթոդաբանական բացատրությունների նկատմամբ։ Իսկ եթե դրան գումարվում են իսկապես կասկածելի կամ ակնհայտ քաղաքական նպատակ ունեցող հրապարակումներ, ապա ամբողջ ոլորտի նկատմամբ անվստահությունը խորանում է։ Արդյունքում տուժում է ոչ միայն կոնկրետ հարցման հեղինակությունը, այլև սոցիոլոգիան՝ որպես հանրային գիտելիքի աղբյուր։

Խնդիրներից մեկն այն է, որ իրական, խորքային և մասնագիտական հարցումները հաճախ մնում են փակ օգտագործման համար։ Պետական մարմինները, հատուկ ծառայությունները, իշխանական կամ ընդդիմադիր ուժերի շտաբները, արտաքին դերակատարները կամ մասնավոր քաղաքական կենտրոնները կարող են պատվիրել բավականին մանրամասն և որակյալ ուսումնասիրություններ՝ հասկանալու իրական պատկերը։ Այդ տվյալները արժեքավոր են հենց այն պատճառով, որ դրանք հնարավորինս մոտ են իրականությանը և թույլ են տալիս որոշումներ կայացնել։ Բայց հանրությանը հաճախ ներկայացվում են ոչ թե այդ ամբողջական և նուրբ տվյալները, այլ դրանցից ընտրված, խմբագրված, քաղաքականապես հարմարեցված կամ նույնիսկ լրիվ այլ բնույթի ցուցանիշներ։

Այսինքն, իրական սոցիոլոգիան մնում է ներսում, հրապարակային դաշտ է նետվում քաղաքական հաղորդագրությունը։ Դա կարող է լինել բացահայտ թվային մանիպուլ յացիա, կարող է լինել ընտրանքի, հարցադրումների, դաշտային աշխատանքի կամ տվյալների մեկնաբանության մանիպուլյացիա, կարող է լինել նաև ավելի նուրբ ձև՝ իրական թվերից ընտրել միայն այն մասը, որը ձեռնտու է։ Օրինակ՝ եթե ուժի նկատմամբ վստահությունը ցածր է, բայց առաջնորդի ճանաչելիությունը՝ բարձր, հրապարակվում է ճանաչելիությունը։ Եթե կուսակցության վարկանիշը ցածր է, բայց որոշ հարցումներով նրա որոշ քաղաքական քայլեր աջակցություն ունեն, հրապարակվում է այդ քայլերի աջակցությունը։ Եթե չկողմնորոշվածների թիվը մեծ է, արդյունքները ներկայացվում են այնպես, կարծես կողմնորոշվածների հարաբերակցությունը արդեն վերջնական ընտրական արդյունք է։ Այս ամենը ստեղծում է տեղեկատվական մշուշ, որի մեջ շարքային քաղաքացին դժվարությամբ է տարբերակում սոցիոլոգիական փաստը քաղաքական փաթեթավորումից։Հատկապես վտանգավոր է, երբ ընտրություններին ընդառաջ հրապարակվում են մեծ տարբերությամբ հակասող տվյալներ։ Եթե մեկ աղբյուր ներկայացնում է, որ իշխանական կամ որևէ քաղաքական ուժ ունի չափազանց բարձր՝ օրինակ՝ 60 տոկոսից ավելի աջակցություն, ինչպես վերջերս եվրոպացիների հրապարակած հարցումների արդյունքներն էին, իսկ այլ ուսումնասիրություններ, այդ թվում՝ միջազգային կամ ամերիկյան հայտնի կենտրոնների հետ ասոցացվող հարցումներ, ցույց են տալիս մի քանի անգամ ցածր ցուցանիշներ, ապա հասարակության շրջանում բնական հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող են նույն ժամանակահատվածում, նույն երկրում, նույն ընտրազանգվածի վերաբերյալ տվյալները այդքան կտրուկ տարբերվել։

Եթե տարբերությունը լիներ 5, 7 կամ 10 տոկոս, կարելի էր բացատրել մեթոդաբանության, դաշտային աշխատանքի, հարցի ձևակերպման կամ չկողմնորոշվածների բաշխման տարբերություններով։ Բայց երբ տարբերությունը մոտավորապես եռակի է, երբ բոլոր քաղաքական ուժերի ցուցանիշները ոչ թե փոքր շեղումներով, այլ կառուցվածքայնորեն անհամատեղելի են, արդեն խոսքը ոչ թե սովորական վիճակագրական տարբերության, այլ հանրային ընկալման վրա ազդելու քաղաքական փորձի մասին կարող է լինել։ Այդպիսի դեպքերում բարձր ցուցանիշը կարող է ծառայել ոչ թե որպես իրականության նկարագրություն, այլ որպես ուղերձ՝ «այս ուժը հաղթում է», «դիմադրությունն անիմաստ է», «մեծամասնությունը արդեն կողմնորոշված է», «ընտրությունների ելքը գրեթե կանխորոշված է»։ Սա դասական քարոզչական մեսիջ է, որն օգտագործում է թվի հեղինակությունը։ Թիվը հասարակության աչքին հաճախ ավելի համոզիչ է, քան կարգախոսը, որովհետև այն ստեղծում է օբյեկտիվության տպավորություն։ Բայց եթե թվի հետևում չկա թափանցիկ մեթոդաբանություն, այն կարող է լինել պարզապես քարոզչական լեզվի ավելի «գիտական» ձև։

Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ, որ հասարակության վրա հարցումների ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն թվերով, այլև դրանց մեդիա ներկայացմամբ։ Մամուլը, հեռուստատեսությունը, սոցիալական ցանցերը հաճախ վերցնում են հարցման ամենաաղմկոտ հատվածը և վերնագրում այն այնպես, որ ստեղծվի քաղաքական ազդեցություն։ Շատ քչերն են կարդում ամբողջական մեթոդաբանությունը, եթե այն առհասարակ հասանելի է։ Մարդկանց մեծ մասը հիշում է վերնագիրը, գրաֆիկը, առաջին երեք տոկոսները և դրանց շուրջ ստեղծված աղմուկը։

Այդ պատճառով հարցումը քաղաքական տեխնոլոգիայի մեջ հաճախ օգտագործվում է որպես մեդիա իրադարձություն. կարևորը ոչ թե այն է, որ մարդիկ խորությամբ ծանոթանան հետազոտությանը, այլ այն, որ տեղեկատվական դաշտում որոշ օրեր շրջանառվի ցանկալի տպավորությունը։ Այդ տպավորությունը կարող է հետագայում ապրել անկախ սկզբնաղբյուրից։ Մարդիկ կարող են չհիշել, թե ով էր հարցումը պատվիրել, ինչ մեթոդով էր արվել, բայց հիշել, որ «ասում էին՝ այդ ուժը շատ բարձր վարկանիշ ունի»։ Այսպես սոցիոլոգիական արդյունքը վերածվում է քաղաքական լեգենդի։

Հայաստանում նման գործընթացները հատկապես զգայուն են նաև այն պատճառով, որ հասարակության տարբեր խմբեր ունեն անվտանգային, սոցիալական և հոգեբանական ծանր փորձառություններ։ Պատերազմից, պարտությունից, սահմանային լարվածություններից, տնտեսական դժվարություններից, ներհասարակական բևեռացումից հետո հանրային կարծիքը հաճախ շարժվում է ոչ միայն ռացիոնալ հաշվարկով, այլև վախերով, հուսահատությամբ, զայրույթով, հոգնածությամբ կամ կայունության պահանջով։

Քաղաքական ուժերը դա լավ հասկանում են և հարցումները կարող են օգտագործել այդ զգացմունքները չափելու, ապա դրանց վրա աշխատելու համար։ Եթե հարցումը ցույց է տալիս, որ հանրության մեծ հատվածը վախենում է նոր ցնցումներից, քարոզչությունը կառուցվում է կայունության շուրջ։ Եթե ցույց է տալիս, որ անվտանգային թեման գերիշխում է, շեշտը դրվում է արտաքին քաղաքական ընտրության, բանակի, խաղաղության կամ պատերազմի վտանգի վրա։ Եթե մարդկանց մեծ մասը սոցիալական խնդիրներ ունի, առաջ են գալիս աշխատավարձերի, նպաստների, հարկերի, գների հարցերը։

Նորմալ քաղաքական մրցակցության պայմաններում սա բնական է։ Քաղաքական ուժը պետք է խոսի այն հարցերի մասին, որոնք հասարակությանը հուզում են։ Բայց մանիպուլ յատիվ պայմաններում նույն տվյալները կարող են օգտագործվել վախերի խորացման, հասարակությանը «սև կամ սպիտակ» ընտրության առաջ կանգնեցնելու, այլընտրանքները ոչնչացնելու կամ հանրային դիսկուրսը վերահսկելու համար։

Սոցիոլոգիական հարցումների շուրջ մեկ այլ կարևոր խնդիր է չկողմնորոշվածների դերը։ Հայաստանում ընտրություններից առաջ չկողմնորոշվածների, հրաժարվողների կամ իրենց ընտրությունը չբացահայտողների թիվը կարող է բավականին մեծ լինել։ Սա նշանակում է, որ հրապարակված տոկոսները հաճախ չեն արտացոլում վերջնական ընտրական արդյունքը։ Եթե հարցման մեջ ասվում է, որ որևէ ուժ ունի, օրինակ՝ 25 տոկոս աջակցություն ամբողջ ընտրանքում, բայց 35 տոկոսը չի կողմնորոշվել կամ չի պատասխանել, ապա այդ 25 տոկոսը չի կարելի մեխանիկորեն ներկայացնել որպես վերջնական ընտրական արդյունք։ Որոշ հրապարակումներ, սակայն, չկողմնորոշվածներին հանում են հաշվարկից և մնացած ձայների համամասնությամբ ուժերին տալիս ավելի բարձր ցուցանիշներ։ Սա կարող է լինել ընդունելի տեխնիկական մեթոդ, եթե հստակ նշվում է, որ խոսքը կողմնորոշվածների շրջանում բաշխման մասին է, բայց եթե այն ներկայացվում է որպես ընդհանուր հանրային աջակցություն, ապա դա մոլորեցնող է։

Մի խոսքով, հարցումը ժամանակի կոնկրետ պահի լուսանկար է, ոչ թե ապագայի անսխալական կանխատեսում։ Անցած ընտրություններն էլ հենց նշյալի ամենամեծ ապացույցներից մեկն էր...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում