Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Politics

Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի հերթական ընտրություններին մնացել են հաշված օրեր, և քաղաքական դաշտն արդեն մտել է էլ ավելի սուր բևեռացման փուլ։ Մի կողմից՝ գործող իշխանությունն իր խոսույթում շեշտում է «իրական Հայաստան», «խաղաղության օրակարգ», «իրականությունից բխող պետական քաղաքականություն» և «խաղաղության ինստիտուցիոնալացման անհրաժեշտություն», մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտում ավելի ու ավելի հաճախ են հնչում ձևակերպումներ՝ «պետության թուլացում», «անվտանգային ձախողումներ», «պետական կառավարման համակարգի սպառում» և «ազգային օրակարգի կորուստ»։

Այս երկու խոսույթների միջև ձևավորվել է ոչ միայն քաղաքական, այլ նաև ընկալումների խոր բևեռացում, որտեղ կողմերը հաճախ այլևս չեն վիճում նույն իրականության մեկնաբանության շուրջ, այլ ներկայացնում են տարբեր իրականություններ։ Սակայն քաղաքական գործընթացների խորքում ընտրությունը միշտ ավելի բարդ է, քան հրապարակային խոսույթները։ Պատմությունը ցույց է տալիս, որ իշխանության և ընդդիմության միջև հակադրությունը ինքնին դեռ չի որոշում քաղաքական արդյունքը։ Որոշիչը հասարակության ներսում կուտակվող գնահատականն է՝ արդյո՞ք գործող իշխանությունը ունի արդյունավետ կառավարման ներուժ և առարկայական միջոցներ, թե՞ այն մտել է քաղաքական և կառավարչական սպառվածության փուլ՝ քայքայելով իր քաղաքական կապիտալը։

Այս տեսանկյունից պատմության մեջ կան ժամանակաշրջաններ, երբ հասարակության և իշխանության հարաբերություններում տեղի է ունենում ոչ թե սովորական քաղաքական, այլ ավելի խոր՝ էութաբանական փոփոխություն։ Դա այն պահն է, երբ ժողովրդի զգալի հատվածը սկսում է զգալ, որ գործող իշխանությունն այլևս չի կարողանում արտահայտել այն ակնկալիքները, որոնց հիման վրա ժամանակին ստացել էր հանրային վստահություն։ Այդպիսի իրավիճակներում խնդիրն այլևս չի սահմանափակվում առանձին որոշումներով կամ ծրագրերով. այն վերածվում է գործող իշխանության քաղաքական սպառվածության խորացող գործընթացի՝ հանգեցնելով կառավարչական արդյունավետության անկման:

Յուրաքանչյուր իշխանություն պատմության ընթացքում ունի իր կենսափուլը։ Սկզբում այն հանդես է գալիս որպես փոփոխության և հույսի կրող, ապա վերածվում է կառավարման կայուն համակարգի, իսկ ժամանակի ընթացքում սկսում է բախվել սեփական սահմաններին։ Երբ հասարակության մեջ ձևավորվում է այն համոզմունքը, որ իշխանությունն արդեն սպառել է արդյունավետ կառավարման իր հիմնական ռեսուրսները, կորցրել է քաղաքական նորարարության ներուժը և այլևս չի կարող առաջարկել զարգացման նոր հեռանկար, սկսվում է լեգիտիմության աստիճանական մաշումը։ Ժամանակակից քաղաքական համակարգերում լեգիտիմությունը երկար ժամանակ կարող է պահպանվել նույնիսկ արդյունավետության անկման պայմաններում, սակայն երկարաժամկետ հեռանկարում հենց արդյունավետության կորուստն է, որ սկսում է քայքայել լեգիտիմության հիմքերը։

Այս գործընթացը սովորաբար չի արտահայտվում կտրուկ։ Այն կուտակվում է հասարակական գիտակցության խորքերում՝ վերածվելով ներքին համոզմունքի, որ պետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են նոր մտածողություն, նոր մոտեցումներ և նոր պատասխանատվություն։ Այդ փուլում ընտրությունները դադարում են լինել միայն քաղաքական մրցակցություն և վերածվում են ավելի խոր հարցի՝ արդյո՞ք գործող համակարգը կարող է ապահովել պետության զարգացման հաջորդ փուլը, թե՞ պատմական գործընթացն արդեն ձևավորում է նոր քաղաքական պահանջարկ և նոր իշխանություն։

Պատմությունը ցույց է տալիս, որ իշխանափոխությունները սովորաբար չեն ծնվում ընտրությունների օրը։ Դրանք սկսվում են շատ ավելի վաղ՝ հասարակության ներքին աշխարհում, երբ ժողովրդի և իշխանության միջև ձևավորված վստահության կապը սկսում է թուլանալ։ Սկզբում դա արտահայտվում է լռությամբ, հիասթափությամբ կամ անորոշությամբ, սակայն ժամանակի ընթացքում վերածվում է քաղաքական դիրքորոշման։ Երբ քաղաքացիների զգալի հատվածը սկսում է մտածել, որ գործող համակարգն այլևս չի արտահայտում իր սպասումները, սկսվում է քաղաքական վերադասավորման գործընթաց։

Այս երևույթը ունի նաև մետաֆիզիկական չափում։ Յուրաքանչյուր իշխանություն որոշակի ժամանակահատվածում մարմնավորում է ժողովրդի պատկերացումները պետության, արդարության, անվտանգության և ապագայի մասին։ Սակայն երբ այդ պատկերացումների և իրականության միջև առաջանում է խորացող հակասություն, սկսվում է իմաստային ճգնաժամ։ Հասարակությունն սկսում է կասկածել ոչ միայն առանձին քաղաքական որոշումների, այլ նաև այն պատմական ուղղության վրա, որով շարժվում է պետությունը։

Վերջին տարիների զարգացումները՝ պատերազմական ցնցումները, տարածքային և անվտանգային կորուստները, տարածաշրջանային վերադասավորումները և միջազգային ճնշումների աճը, ձևավորել են այնպիսի միջավայր, որտեղ հանրային սպասումները իշխանությունից դարձել են առավել կոշտ և ավելի քիչ հանդուրժող սխալների նկատմամբ։ Այս պայմաններում իշխանության խոստումները հաճախ բախվում են ոչ միայն ընդդիմության քննադատությանը, այլ իրականության փորձությանը և ընտրազանգվածի հիասթափությանը։

Քաղաքական գիտության մեջ հայտնի է, որ նման փուլերում ընտրական վարքագիծը դառնում է ոչ գծային։ Երկար ժամանակ կարող է թվալ, թե ստատուս քվոն կայուն է, սակայն որոշակի շեմի անցումից հետո հասարակական տրամադրությունները կարող են արագ և կտրուկ փոխվել՝ ի վնաս գործող իշխանության։ Այդ պահից սկսած ընտրողը հաճախ առաջնորդվում է ոչ միայն կուսակցական նախընտրությամբ, այլ նաև փոփոխության տրամաբանությամբ՝ ձևավորելով «փոփոխության քվեարկություն» երևույթը։ Սակայն քաղաքական գործընթացներում կարևոր է ոչ միայն գործող իշխանության կապիտալի մաշման փաստը, այլ նաև այն պահը, երբ կուտակված դժգոհությունը անցնում է կրիտիկական շեմը և վերածվում քաղաքական վարքագծի կտրուկ փոփոխության։ Այդ պահը սովորաբար անտեսանելի է նախընտրական փուլում, սակայն հենց այն է, որ որոշում է ընտրական արդյունքի իրական դինամիկան։ Ըստ էության, քաղաքական գործընթացների իրական շարժիչ ուժը հաճախ ոչ թե ակտիվ քաղաքական բևեռներն են, այլ լուռ մեծամասնությունը, որը երկար ժամանակ չի արտահայտում իր դիրքորոշումը, սակայն վերջնական փուլում կարող է դառնալ որոշիչ գործոն։

Այս իրավիճակում առանցքային է դառնում նաև այն, որ քաղաքական խոսույթները աստիճանաբար սկսում են փոխարինել իրական քաղաքական ծրագրերին։ Երբ իշխանությունը խոսում է «խաղաղության ինստիտուցիոնալացման» մասին, իսկ ընդդիմությունը՝ «պետական վերականգնման անհրաժեշտության», հասարակությունը հաճախ հայտնվում է մրցող ուժերի միջև, որտեղ փաստերի մեկնաբանությունն ավելի կարևոր է դառնում, քան փաստերն իրենք։

Միաժամանակ, միջազգային քաղաքական փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենակայուն թվացող իշխանությունները երկարաժամկետ հեռանկարում դժվարությամբ են պահպանում նույն մակարդակի հանրային աջակցություն, հատկապես պատերազմների, անվտանգային ցնցումների կամ տնտեսական դժվարությունների պայմաններում։ Վստահության անկումը սովորաբար դանդաղ գործընթաց է, սակայն որոշակի փուլում այն կարող է արագացնել քաղաքական փոփոխությունները՝ վերածվելով ընտրական շրջադարձի։

Հայաստանի դեպքում այս գործընթացը առավել զգայուն է, քանի որ անվտանգային գործոնը ունի վճռորոշ նշանակություն։ Պատերազմներից և տարածաշրջանային ցնցումներից հետո հասարակությունները սովորաբար սկսում են շատ ավելի խիստ գնահատել իշխանությունների արդյունավետությունը, ռազմավարական որոշումները և արտաքին քաղաքական արդյունքները։ Այդ պայմաններում քաղաքական գնահատականը դառնում է ոչ միայն ներքին քաղաքականության, այլ նաև պետական անվտանգության և գոյության հարց։ 

Այս բոլոր գործոնների համադրության մեջ ձևավորվում է քաղաքական դաշտի երեք հիմնական շերտ՝ իշխանության ինքնարդարացման խոսույթը, ընդդիմության կոշտ քննադատական օրակարգը և հասարակության լուռ, բայց կուտակվող սպասումը։ Եվ հենց այս վերջին շերտն է, որը հաճախ որոշում է քաղաքական շրջադարձերի իրական ուղղությունը։

Սակայն պատմական փորձը նաև հստակ ցույց է տալիս, որ իշխանափոխությունները չեն որոշվում միայն ընդդիմության ուժով կամ իշխանության թուլությամբ։ Դրանք ձևավորվում են այն պահին, երբ հասարակության ներսում ձևավորվում է համոզմունք, որ գործող քաղաքական համակարգը այլևս չի ապահովում ապագայի նկատմամբ վստահելի տեսլական։ Այդ ժամանակ ընտրությունը դառնում է ոչ միայն քաղաքական դիրքորոշում, այլ նաև պետության զարգացման և ապագայի նկատմամբ վստահության վերանայում։

Հայաստանի քաղաքական իրականությունը, այսպիսով, գտնվում է այն փուլում, երբ միաժամանակ բախվում են քաղաքական խոսույթները, հասարակական սպասումները և պատմական փորձի ծանրությունը։ Իսկ նման պահերին պատմությունը սովորաբար արագանում է ոչ թե այն պատճառով, որ ինչոր ուժ դա ցանկանում է, այլ որովհետև հասարակությունը սկսում է այլևս չբավարարվել հին պատասխաններով և ձգտում է փնտրել առաջնորդներ, որոնք ունեն պետական կառավարման լուրջ փորձ և ձեռքբերումներ։ Ի վերջո, պատմության ամենակարևոր պահերին ժողովուրդները ընտրում են ոչ միայն իշխանություն, այլ նաև այն ճանապարհը, որով ցանկանում են շարունակել իրենց պատմական ընթացքը։ Փաստորեն, նման պատմական փուլերում ընտրությունները այլևս միայն իշխանության փոփոխության մեխանիզմ չեն. դրանք դառնում են պետության զարգացման ուղղության վերաիմաստավորման պահ, որտեղ ժողովուրդը որոշում է ոչ միայն այն, թե ով է կառավարելու, այլ նաև այն, թե ինչպիսի պետություն է ցանկանում ունենալ ապագայում։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում