Ուկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներ
Մերձմոսկվայում ՈւԶՈՒ-ի անօդաչուների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, չորսը՝ տուժել, ևս մեկ մարդ գտնվում է փլատակների տակ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, հաղորդում է РБК-ն։
Խիմկիում առանձնատան վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով կին է զոհվել։ Եվս մեկ մարդ գտնվում է փլատակների տակ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և բոլոր օպերատիվ ծառայությունները։
Բացի այդ, երկու տղամարդ է զոհվել Միտիշչիի Պոգորելկի գյուղում։ Այնտեղ անօդաչուի բեկորներն ընկել են կառուցվող տան վրա։ Բեկորներից վնասվել է ևս մեկ տուն, այնտեղ տուժածներ չկան, հավելել է տարածաշրջանի ղեկավարը։ Իստրայում բնակելի տների վրա ԱԹՍ-ի ընկնելուց հետո տուժել են երեք տղամարդ և մեկ կին։
«Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Զոհվածների և տուժածների ընտանիքներին անպայման կօգնենք»,- գրել է նա։
Կրասնոգորսկի Պուտիլկովո միկրոշրջանում դրոնի ընկնելու պատճառով վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք, տուժել են մի քանի բնակարաններ։ Բնակիչներից ոչ ոք չի տուժել, պարզաբանել է Վորոբյովը։
Եվս մեկ առանձնատուն բռնկվել է Նարո-Ֆոմինսկի շրջանի Սուբոտինո գյուղում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով։ Նախնական տեղեկություններով, ինչպես ընդգծում է նահանգապետը, տուժածներ չկան։
Միևնույն ժամանակ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում դրոնների հարձակման հետևանքով տուժել է 12 մարդ։ Մասնավորապես, Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ վնասվածքներ է ստացել շինարարների հերթափոխը։ Գործարանի տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել։ Քաղաքում վնասվել է նաև երեք տուն։
Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքային տարածաշրջանում ՀՕՊ ուժերը որսացել են ավելի քան 120 դրոն, հավելել է քաղաքապետը։ Միայն օրվա սկզբից խոցվել է ավելի քան 80 ԱԹՍ։
Ընդհանուր առմամբ, ՀՕՊ ուժերը մայիսի 17-ի լույս գիշերը ռուսական մարզերի երկնքում խոցել են ավելի քան 550 դրոն։ ԱԹՍ-ները, բացի մոսկովյան տարածաշրջանից, չեզոքացվել են Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Բրյանսկի, Վորոնեժի, Տուլայի, Սմոլենսկի, Պսկովի, Լիպեցկի, Տվերի, Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Սև ու Ազովի ծովերի ջրատարածքների երկնքում։