ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ԵՄ-ի կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին՝ ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ, նախորդող ողջ շրջանում՝ անկախությունից ի վեր, ՀՀ-ն համարվել է ներդրումների ռիսկային գոտի: Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում երբեք մենք նման կոչ, նման ուղերձ չենք հղել, չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից»,- նշել է նա:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստան-ԵՄ օրակարագն ընդլայնվել է բնական ճանապարհով, որտեղ կողմերի քաղաքական կամքն ունեցել է շատ կարևոր նշանակություն։ Նա հավելեց, որ ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև էներգետիկ արտահանման պոտենցիալն էլ ավելի կարող է զարգացնել. «Հայաստանը՝ հարևան երկրների հետ համագործակցությամբ, կարող է ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաներին, երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումներին»: