ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումը
ԱՄՆ վարչակազմը ծրագրում է չեղարկել Գերմանիայում մեծ հեռահարության հարվածային միջոցների, այդ թվում՝ Tomahawk հրթիռներով զինված գումարտակի տեղակայման մասին որոշումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times թերթին։
Բեռլինի Edina վերլուծական կենտրոնի տնօրեն Քրիստիան Մյոլինգը, մեկնաբանելով հրթիռների տեղակայումից հնարավոր հրաժարումը, այդ քայլն անվանել է ավելի լուրջ խնդիր, քան ամերիկյան ռազմական կոնտինգենտի կրճատումը։
«Զինվորականների դուրսբերումը կարելի է փոխհատուցել, բայց հեռահար հրթիռների հարցում մենք հետ ենք մնում»,- ասել է փորձագետը հրատարակությանը՝ նշելով, որ նման քայլերը կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի երկրներին պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։
ԱՄՆ-ը և Գերմանիան Tomahawk-ների և մեծ հեռահարության այլ հարվածային միջոցների տեղակայման պլանների մասին հայտարարել էին 2025 թվականի հուլիսին։ Նախատեսվում էր, որ դա տեղի կունենա մինչև 2027 թվականը։
Հրթիռների տեղակայման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Գերմանիայից ամերիկյան զինվորականների մի մասի դուրսբերման մասին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատաբար արտահայտվեց Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական արշավի մասին։ Դրանից հետո Թրամփը մեղադրեց Մերցին այն բանում, որ վերջինս իբր «ընդունելի է համարում Իրանի մոտ միջուկային զենքի առկայությունը»։