ԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով
ԱՄՆ-ն ձգտում է վերահսկողություն հաստատել Բալթիկ ծովում գտնվող «Հյուսիսային հոսք» գազատարների նկատմամբ, որոնք վնասվել էին 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդավոր պայթյունների հետևանքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Reuters-ը:
Հինգշաբթի օրը ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է գերիշխել համաշխարհային էներգետիկ շուկաներում՝ որպես օրինակ բերելով Վենեսուելան, որտեղ Վաշինգտոնը փաստացի իր վերահսկողության տակ է վերցրել աշխարհի խոշորագույն նավթային պաշարները, ինչպես նաև Իրանը։
«Միացյալ Նահանգներն այժմ նաև ասում է, որ ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին»,- ասել է Լավրովը՝ համաձայն Ռուսաստանի ԱԳՆ-ի հրապարակած հարցազրույցի տեքստի։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Շվեդիայի տնտեսական գոտիով անցնող «Հյուսիսային հոսք -1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում տեղի են ունեցել պայթյուններ։
Գազատարները ոչնչացրած պայթյունները հիմնականում դադարեցրին ռուսական գազի տարանցումը Եվրոպա՝ սեղմելով մայրցամաքի էներգակիրների մատակարարումները, թեև Ռուսաստանն արդեն իսկ մեծապես դադարեցրել էր մատակարարումները։
Ռուսաստանը և արևմտյան երկրները երկուստեք հայտարարել են, որ միջադեպը դիվերսիոն գործողություն էր։ Քննիչները տարիներ շարունակ փորձում էին պարզել, թե ով է կանգնած դրա հետևում, և անցյալ տարի Իտալիայում ձերբակալվեց մի ուկրաինացի՝ հարձակումները համակարգելու կասկածանքով։