Ճապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում
ԱՄՆ-ն և Ճապոնիան պայմանավորվել են ամերիկյան էներգետիկայի մեջ մինչև 73 միլիարդ դոլարի ճապոնական ներդրումների շուրջ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Համաձայնագիրը նախատեսում է երեք նախագծերի իրականացում, ներառյալ հաջորդ սերնդի փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը: Նախագիծը կիրականացվի Hitachi և GE Vernova համատեղ ձեռնարկության կողմից Թենեսի և Ալաբամա նահանգներում: Դրա համար Տոկիոն կհատկացնի մինչև 40 միլիարդ դոլար:
Բացի այդ, նախատեսվում է մինչև 33 միլիարդ դոլար ներդնել Փենսիլվանիայում և Տեխասում գազային էլեկտրակայանների կառուցման համար՝ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը ծածկելու նպատակով, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտի տվյալների մշակման կենտրոնների կողմից:
Ներդրումները հանդիսանում են ամերիկյան նախագծերի ֆինանսավորման գծով Ճապոնիայի ստանձնած ընդհանուր 550 միլիարդ դոլարի պարտավորությունների երկրորդ փուլի մաս, որոնք ձեռք են բերվել երկրների միջև առևտրային համաձայնագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի վերջին Ճապոնիան և ԱՄՆ-ն կնքեցին առևտրային գործարք՝ մաքսատուրքերի հետ կապված հարցը կարգավորելու համար: Այն ներառում է Ճապոնիայի կողմից ԱՄՆ-ում 550 միլիարդ դոլարի ներդրումներ, ճապոնական շուկայի բացում ամերիկյան ապրանքների համար, ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար 15% սակագներ և այլն: Եթե Տոկիոն չստորագրեր համաձայնագիրը, նրան կսպառնար Վաշինգտոնի կողմից 25% հայելային մաքսատուրք:
2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Տակաիտի Սանաեն ստորագրեցին հարաբերությունների նոր ոսկե դարաշրջանի մասին համաձայնագիրը, ինչպես նաև ռազմավարական ներդրումների մասին հուշագիր և հազվագյուտ հողային մետաղների մատակարարման ապահովման շրջանակային ծրագիր՝ դրանց արդյունահանման և վերամշակման միջոցով: