Ավտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը
Մարտի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչը հայտնել էր, որ գիշերը գողացել են նրա մեքենայի կողային հայելիները և թողել տելեգրամյան հասցեով գրություն։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուտով ստացվեց հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով հափշտակությունը կատարել է Վազգեն Վեհափառի փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ։
Մարտի 9-ին՝ ժամը 03։45-ին, երիտասարդը հայտնաբերվեց Արամ Խաչատրյան փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին պտուտակահաններ, հարթաշուրթեր և այլ գործիքներ, զենքի ու փամփուշտի նմանվող առարկաներ, մոխրացած հետքերով կաթուցիչ, թմրանյութանման զանգվածով փաթեթ և տելեգրամյան հասցեով գրություն, որը նույնական էր մարտի 7-ին Բաղրամյան պողոտայի մեքենային թողած գրությանը։
Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։