Եթե հստակ քայլեր չլինեն, կրկին գործադուլ և դասադուլ կանեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոտ երկու ամիս առաջ անժամկետ դասադուլ հայտարարած Աշտարակի՝ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչակազմն այսօր խոստացված պատասխանին է սպասում: Նշենք, որ 600 աշակերտ ունեցող դպրոցն անմխիթար վիճակում է, դասասենյակները ևս բարվոք վիճակում չեն:
«Փաստ»–ն իր նախորդ համարներում անդրադարձել էր դպրոցի ուսուցիչների և աշակերտների պահանջին: Որպես հարցի լուծում՝ ուսուցչակազմը պահանջում էր աշակերտների գոնե մի մասին ժամանակավոր տեղափոխել Նորայր Սիսակյանի անվան ավագ դպրոց: Դասադուլից հետո պատասխանատու մարմինների և դպրոցի անձնակազմի միջև որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել: Քաղաքապետը տեղեկացրել էր, որ դպրոցի վերանորոգման վերաբերյալ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են ընթանում: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթևիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բանակցություններն այս պահին դեռ շարունակվում են:
«Ժամկետներ են նշել ու ասել, որ պետք է սպասենք: Այժմ մենք վերջնական պատասխանի ենք սպասում, նոյեմբերի վերջին հստակ պատասխան կունենանք: Եթե Ասիական զարգացման բանկը հանձն առնի արտահերթ զբաղվել դպրոցի հարցով, շատ ավելի լավ, երկու մասնաշենքն էլ միանգամից կսկսեն հիմնանորոգել: Հակառակ դեպքում՝ քաղաքապետն ու մարզպետը խոստացել են զգալի քայլեր ձեռնարկել»,–նշեց ուսուցչուհին:
Տաթևիկ Սարգսյանն ընդգծեց, որ դպրոցի սեյսմիկ իրավիճակի վերաբերյալ փորձաքննությունը ևս հայտնի է: «Ասացին՝ անկայուն չէ, բայց, այնուամենայնիվ, ամրացման կարիք ունի: Եթե հստակ քայլեր չլինեն՝ գոնե սկզբի համար գործադուլ և դասադուլ կանենք, իսկ հետո չի բացառվում, որ ավելի խստացնենք քայլերը: Էլ կանգ առնել հնարավոր չէ՝ գործընթացը սկսված է և այնպես չէ, որ երկու ամիս նստել ու հանգիստ սպասում ենք: Այդ հանգստությունը նաև հարաբերական է»,–ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ամեն դեպքում հույս ներշնչող իրավիճակ կա:
«Դպրոցում որոշ աշխատանքներ են իրականացվել, ինչի արդյունքում երկու սանհանգույց ունեցանք: Հանգամանքը մի փոքր մեղմել է մինչ այս առկա տխուր իրավիճակը»,– հավելեց Տ. Սարգսյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում