«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած ծանր պարտությունից (2:5) հետո մեկնաբանել է դարպասապահ Անտոնին Կինսկիի՝ մեկնարկային կազմում դաշտ դուրս գալն ու վաղաժամ փոխարինումը։
«Կինսկիին ընտրելը ճիշտ որոշում էր, նա տաղանդավոր դարպասապահ է, բայց ինչ-որ բան այնպես չգնաց… Իմ մարզչական աշխատանքի 15 տարիների ընթացքում նման բան չափազանց հազվադեպ է պատահել, ես երբեք նման կերպ չէի վարվել: Պետք էր օգնել տղային, օգնել թիմին: Կարծես թե այս մրցաշրջանում ամեն ինչ «Տոտենհեմի» դեմ է։
Ես բացատրեցի Տոնիին, որ նա լավ դարպասապահ է։ Ցավոք, այդ սխալները տեղի ունեցան նման կարևոր խաղում։ Նա ներողություն խնդրեց թիմից: Թիմն աջակցում է նրան։ Ես՝ նույնպես: Ես խոսել եմ նրա հետ: Նա հասկանում է ստեղծված իրավիճակը և հասկանում է, թե ինչու փոխարինվեց»,- Տուդորի խոսքերն է մեջբերում Independent-ը։
Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ մարտի 18-ին, Անգլիայում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: