Բացահայտում. Ինչու սպանեցին Տիգրան Նաղդալյանին, հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին ինչ գաղտնիք գիտեր նա.(Բացառիկ տեսանյութ)
Կարծում եմ՝ Տիգրան Նաղդալյանի սպանությամբ փորձ է արվել կտրել դեպի «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները տանող թելերից մեկը: Հիմնավորեմ վարկածս:
Ուսումնասիրելով «Հոկտեմբերի 27»-ի քր. գործով իրեղեն ապացույց ճանաչված հայտնի տեսաերիզը եւ դեպքի պահին դահլիճում գտնվող լրագրողներից մեկի կողմից կատարված ձայնագրությունը, որը նույնպես քր. գործին կցված իրեղեն ապացույց է, դժվար չէ համոզվել, որ տեսաերիզը ենթարկվել է կողմնակի միջամտության, եւ դա կատարվել է մինչեւ այն Տիգրան Նաղդալյանի կողմից դատախազությանը հանձնելը:
Իսկ ուսումնասիրելով «Հոկտեմբերի 27»-ի քր. գործի հատոր 12 եւ 13-ում Տ.Նաղդալյանի ցուցմունքները՝ պարզ է դառնում, որ Նաղդալյանը ի սկզբանե տեղյակ է եղել մոնտաժման փաստին եւ շատ նրբանկատորեն փորձել է թաքցնել դա
Այսպես, նախ տեսաերիզի եւ ձայներիզի մասին: Դրանցում տարօրինակն ու կասկածելին այն է, որ տեսաերիզը մոտ 6 րոպե առաջ է ընկնում ձայներիզից (խոսքը ահաբեկիչների ԱԺ դահլիճ ներխուժելու պահից սկսած առաջին 20 րոպեներին է վերաբերվում):
Անձամբ ես ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել եմ դրանք (իմ նախաձեռնությամբ եւ համակարգչային որակյալ մասնագետների աջակցությամբ ձայներիզից մաքրվել էր տեխնիկական աղմուկը եւ դրա սղագրումը տպագրվել էր «Չորրորդ իշխանություն» թերթում):
Ինչ վերաբերում է տեսաերիզին, ապա նկարահանումը ընդհատվում է միայն ԱԺ դահլիճից լրագրողներին դուրս թողնելուց հետո: Այս առումով Ազգային Հեռուստաընկերության շարժական հեռուստակայանի օպերատորը իր ցուցմունքում նշում է, որ, երբ ահաբեկիչները դուրս են թողել լրագրողներին, ինքը նույնպես դուրս գալու թույլտվություն է խնդրել եւ դուրս է եկել:
Իսկ ահա բազմաթիվ վկաներ եւ տուժողներ իրենց ցուցմունքներում նկատում են, որ ԱԺ դահլիճ ներխուժելուց 20-25 րոպե հետո Նաիրի Հունանյանի հրամանով ահաբեկիչները լրագրողներին դուրս են թողել:
Կրկնում եմ, 20-25 րոպեն ֆիքսվում է ոչ թե մի քանի, այլ 100-ից ավելի ցուցմունքներում: Կան նաեւ մի քանի ցուցմունքներ, որոնցում նշվում է 15 րոպե:
Կապված տեսաերիզի հետ՝ Տ. Նաղդալյանը իր ցուցմունքում (հատոր 12, գործ թերթ 188) նշում է. «…Լուրն առնելուն պես իմ աշխատասենյակի հեռուստացույցին միացվեց ԱԺ-ից եկող ազդանշանը եւ համոզվելով, որ խորհրդարանում հարձակում է տեղի ունենում… ժամը 18-ի «Հայլուրի» համար հատուկ թողարկում պատրաստելու համար կարգադրել եմ մոնտաժել առկա կադրեր…
Ավելացնում եմ, որ հաղորդումից մոտ 9 րոպե անց ԱԺ-ից ստացվող տեսագրությունը կորավ, ապա ընդհատվեց ձայնային ազդանշանը: Համոզվելով, որ ԱԺ-ից ստացվող ազդանշանը ընդհատվել է, հրահանգեցի տեսագրությունը անմիջապես փոխանցել ինձ եւ դրանից հետո այն ոչ մեկին չի տրամադրվել, մինչեւ դատախազությանը հանձնելը»: