Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Politics

Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետության և Եկեղեցու հարաբերությունները երբեք չեն եղել պարզ, բայց կան պահեր, երբ այդ բարդությունը վերածվում է փակուղու։ Այդպիսի պահերին սկսում են հնչել «բարեփոխման» կոչեր, որոնք հաճախ ուղղված են ոչ թե մարդու ներքին փոխակերպմանը, այլ խղճի վերահսկմանը։ Երբ իշխանությունը փորձում է կարգավորել այն, ինչն իր բնույթով կարգավորման ենթակա չէ, առաջանում է վտանգավոր շփոթ՝ օրենքի և խղճի, կառավարման և վկայության, ուժի և ճշմարտության միջև։ Ըստ էության, կա մի սահման, որի խախտումը պատմության ընթացքում միշտ հանգեցրել է ոչ թե առաջընթացի, այլ հոգևոր և պետական ճգնաժամի։

Այսօր շատերի համար Հայ առաքելական եկեղեցին դարձել է ոչ միայն հոգևոր հաստատություն, այլև հանրային ու քաղաքական քննարկման թեմա։ Կիրառվում են հասկացություններ, խոսակցություններ և նախաձեռնություններ, որոնք հաճախ նպատակ ունեն «բարեփոխել» Եկեղեցին՝ իբր հանուն արդիականացման կամ արդյունավետության, բայց խորքային հարցերը թողնում անպատասխան։ Ինչպես տարբերակել իրական փոփոխությունը ձևականությունից, և ինչու իշխանությունը երբեմն փորձում է փոխել այն, ինչը փոխել հնարավոր չէ, ինչը ամբողջությամբ էութաբանական խնդիր է։ Այս առումով այսօր կարևոր է մտորել ոչ միայն ներկայի, այլև պատմության լույսի ներքո։ Այն ցույց է տալիս, թե ինչպես դարերի ընթացքում Եկեղեցին պահել է ազգային ինքնությունը, խղճի ու բարոյականության չափանիշը, երբ պետությունը բացակայում էր, և ինչ է նշանակում այժմ՝ ունենալով և՛ պետություն, և՛ Եկեղեցի, ճիշտ սահմանել նրանց փոխհարաբերությունը։ Այստեղ խոսքը փարիսեցիների խորհրդանիշի մասին է՝ նրանց, ովքեր կառչում են ձևից ու կանոններից, բայց չեն ցանկանում փոխվել ներքին ճշմարտության և հոգևոր չափանիշներով:

Հարցը ճիշտ ընկալելու համար նախ պետք է մեկ բան հստակեցնել. «փարիսեցի» բառը այստեղ կրոնական խորհրդանիշ է։ Ավետարանում փարիսեցին այն մարդն է, ով կառչում է ձևից, կանոնից և վերահսկումից, բայց խուսափում է ներքին փոխակերպումից։ Այդ նույն տրամաբանությունն է գործում նաև մեր օրերում, երբ առաջ է գալիս Եկեղեցին «վերևից» բարեփոխելու ձգտումը՝ իբր հանուն արդիականացման, թափանցիկության կամ արդյունավետության։ Խնդիրը բառերը չեն, այլ մտածողությունը։

Ժամանակակից իշխանական գիտակցությունը հակված է ամեն ինչ վերածելու կառավարելի համակարգի։ Այն, ինչ ազդեցություն ունի հասարակության վրա, իշխանական տրամաբանությամբ պետք է կարգավորվի, համապատասխանեցվի օրակարգին, մտնի վերահսկողության դաշտ։ Այդտեղից էլ Եկեղեցին այլևս չի ընկալվում որպես արժեքային, հոգևոր քրիստոնեական մարմին, այլ որպես մեծ ինստիտուտ՝ պատմական հեղինակությամբ, նյութական ռեսուրսներով և հասարակական վստահությամբ։ Իսկ ազդեցիկ ինստիտուտը, ըստ այդ մտածողության, չի կարող լինել ինքնուրույն։ Սակայն հենց այստեղ է բախման արմատը. Եկեղեցին իր էությամբ կառավարչական մարմին չէ, այլ վկայություն է։ Նա առաջ չի տանում ծրագրեր, այլ հիշեցնում է չափանիշներ։ Եվ այդ չափանիշները կառավարելի չեն։

Փարիսեցու հիմնական սխալն այն է, որ նա համոզված է՝ բարեփոխումը հնարավոր է առանց ապաշխարության։ Քրիստոնեական փորձը դարերով հակառակն է ասում. Եկեղեցին փոխվում է ոչ թե հանձնաժողովներով և կարգավորիչ փաթեթներով, այլ սրբության, խոնարհության, զոհաբերության միջոցով։ Փարիսեցիական մոտեցումը միշտ նույնն է. ոչ թե մարդը փոխվի, այլ կառուցվածքը շտկվի։ Ոչ թե ներքին կյանքը մաքրվի, այլ արտաքին ձևը վերանայվի։ Արդյունքում ստացվում է կարգապահություն՝ առանց խորության և բովանդակության, լեզու՝ առանց լռության։

Եկեղեցին շատերի համար անհարմար է հենց այն պատճառով, որ պահում է բարոյական չափանիշ, որը հնարավոր չէ ամբողջությամբ քաղաքականացնել։

Նա չի խոսում միայն արդյունավետության, մեծամասնության կամ հաջողության լեզվով։ Նա հիշեցնում է մեղքի, խղճի, սահմանափակության, պատասխանատվության մասին։ Իսկ այդ հիշեցումը միշտ խանգարում է ցանկացած իշխանության, որը ցանկանում է լինել ինքնաբավ։ Երբ չափանիշը խանգարում է, առաջանում է գայթակղություն այն նսեմացնելու, ձևափոխելու կամ ներկայացնելու որպես հնացած։ 

Սրան միանում է ևս մեկ կարևոր շերտ՝ հեղինակության խնդիրը։ Հայ առաքելական եկեղեցին դարերով ունեցել է հեղինակություն, որը չի բխել պետական ուժից։ Դա հազվագյուտ երևույթ է պատմության մեջ։ Այն ժամանակ, երբ պետականությունը կորսված էր, Եկեղեցին դարձավ ոչ միայն աղոթքի վայր, այլև լեզու, օրենք, դպրոց, պատմական հիշողություն և ազգային ինքնություն։ Այդ փորձը Եկեղեցու ներսում պահվել է ոչ թե որպես իշխանասիրություն, այլ որպես ծանր պատասխանատվության հիշողություն։ Երբ այսօր արդեն կա պետություն, բայց փորձ է արվում Եկեղեցին ենթարկել նույն օրինաչափություններին, որպես ցանկացած վարչական կառույց, ապա անտեսվում է այդ փորձը և սեփական արմատը։

Պետք է ազնիվ լինել նաև այս հարցում. ըստ փարիսեցու, Եկեղեցու ներսում կան խնդիրներ։ Սակայն այստեղ է փարիսեցու ամենամեծ մոլորությունը. ըստ էության, իշխանությունը ակամայից իրեն դնում է այն տեղը, որը պատկանում է միայն Աստծուն։ Այդ առումով վառ վկայություններից մեկն է Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս Առաջինի և Միլանի եպիսկոպոս Ամբրոսիոսի պատմական օրինակը։ Թեոդոսիոսը, գործադրելով իր պետական ու ռազմական իշխանությունը, ընդունել էր որոշումներ, որոնք անցնում էին արդարության և խղճի սահմանները։ Ամբրոսիոսը՝ ոչ որպես քաղաքական հակառակորդ, այլ որպես Եկեղեցու հայրական հեղինակություն, դիմեց կայսրին և հիշեցրեց նրան, որ իշխանությունը չի վերացնում պատասխանատվությունը Աստծո առաջ։ Նրա խոսքը հիմնված էր ոչ թե ուժի կամ սպառնալիքի, այլ խղճի և հոգևոր չափանիշի վրա։ Արդյունքում Թեոդոսիոսը զսպեց իր իշխանական կամքը, ընդունեց խղճի սահմանները և այդ կերպ ձևավորվեց պետության և Եկեղեցու փոխհարաբերության օրինակելի դրվագ, որտեղ իշխանության ուժը ենթարկվեց բարոյական չափանիշին։ Բերված օրինակը հայտնի է գրեթե մեր բոլոր քահանաներին: Այս պատմական փորձը վկայում է, որ նույնիսկ ամենահզոր իշխանությունը կարող է և պետք է սահմանափակվի ոչ միայն օրենքով կամ վարչական մեթոդներով, այլ նախ և առաջ ներքին բարոյական չափանիշով, որը ձևավորվում է խղճի և հավատքի միջոցով։

Խորհրդային շրջանում պետությունը փորձեց զսպել և պարբերաբար խոչընդոտել Եկեղեցու կյանքը՝ վերահսկելով կամ սահմանափակելով կրոնական հաստատությունները։ Սակայն Եկեղեցին նույնիսկ նյութական ու գործնական սահմանափակումների ներքո չկորցրեց իր հոգևոր ինքնությունը։ Նրա աղոթքը, վկայությունը և հավատքի զորությունը շարունակեցին մնալ անխաթար, թեև հասարակության վստահությունն ու ազատ արտահայտության հնարավորությունը զգալիորեն սաստկացան։ Այս փորձը հստակ ցուցադրում է մի սկզբունք՝ ցանկացած իշխանության սահմանափակում կամ վերահսկողություն երբեք չի կարող փոխարինել մարդու ներքին խղճի, սրբության և կենդանի հավատքի հենարանին: Այստեղից է բխում առանցքային տարբերակումը. երբ ժողովուրդն ուներ Եկեղեցի առանց պետության, Եկեղեցին պահեց պետականության գաղափարը։ Իսկ երբ ժողովուրդը ունի և՛ պետություն, և՛ Եկեղեցի, պետությունը պարտավոր է առնվազն... չոչնչացնել Եկեղեցին։ Միևնույն ժամանակ Եկեղեցին չի կարող և չպետք է փոխարինի պետությանը։ Բայց նա պարտավոր է սահմանափակել նրան՝ ոչ թե իշխելով, այլ հիշեցնելով։ Հիշեցնելով, որ իշխանությունը վերջնական չէ, ուժը բացարձակ չէ, և մեծամասնությունը միշտ չէ, որ ճշմարիտ է։ Երբ Եկեղեցին լռում է այս կետում, դա խաղաղություն չէ, այլ բացթողում։ Փարիսեցու և Եկեղեցու հարաբերությունը չի կարող լինել «բարեփոխիչ–բարեփոխվող»։ Եկեղեցին հնարավոր չէ փոխել հրամաններով, ինչպես որ մարդը չի կարող փոխվել վարչական հանձնաժողովի որոշմամբ։ Եթե իշխանությունն իսկապես ցանկանում է բարեփոխում, միակ օրինական ճանապարհը միշտ նույնն է եղել՝ սկսել իրենից, իր լեզվից, իր վարքից, իր օրինակից։

Եկեղեցու ներքին կարգը կարող է նորոգվել միայն այն ժամանակ, երբ քննադատությունը ծնվում է ոչ թե իշխանական դիրքից, այլ ապաշխարող խղճից, կենդանի հավատքից և անձնական պատասխանատվությունից՝ Աստծո և Եկեղեցու առջև։ Եվ այստեղ է ամբողջ պատմության հանգույցը. փարիսեցիները փորձում են բարեփոխել Եկեղեցին, որովհետև իրենք չեն ուզում փոխվել Եկեղեցու չափանիշով։ Երբ մարդը չի կարող բարձրանալ ճշմարտության մակարդակին, նա միշտ փորձում է իջեցնել ճշմարտությունը իր մակարդակին։ Սա մարդկության ամենահին ու ամենակրկնվող պատմություններից մեկն է։

Փարիսեցիների և Եկեղեցու ճիշտ փոխհարաբերությունն այն է, երբ պետությունը չի փորձում Եկեղեցուց վերցնել խիղճը, իսկ Եկեղեցին չի փորձում պետությունից վերցնել իշխանությունը։ Բայց Եկեղեցին պարտավոր է հիշեցնել պետությանը մի պարզ ճշմարտություն՝ իշխանությունն առանց խղճի վերջում դառնում է բռնություն, նույնիսկ եթե այն ընտրովի է։

Ուստի կարելի է վկայել, որ այն իշխանությունը, որը փորձում է իր կամքը պարտադրել խղճին, վերջիվերջո հեռանում է արդարությունից և սկսում է իշխել ոչ թե ճշմարտությամբ, այլ ուժով։ Իսկ այն հասարակությունը, որը մոռանում է ներքին բարոյական չափանիշը՝ դրոշմված մարդու հոգում Աստծո պատկերով, կորցնում է և՛ իշխանության իմաստը, և՛ սեփական հոգևոր ճանապարհի ուղղությունը։ Փարիսեցիները փորձում են փոխել ձևը, իսկ Եկեղեցին փոխում է մարդուն։ Իսկ նա, ով ցանկանում է հզոր, կայուն և արդար պետություն, պետք է գիտակցի մի պարզ ճշմարտություն. իշխանությունն ուժ ունի միայն այն դեպքում, երբ հենված է խղճի վրա։ Այս խոսքերը ուղղված չեն Եկեղեցուն դատելու համար, այլ նրա հետ համբերությամբ խոսելու։ Ով հավատում է, գիտի, որ Եկեղեցին չի ապրում ուժով, այլ աղոթքով, ծառայությամբ և անձնական պատասխանատվությամբ։ Իսկ ով իշխանության մեջ է, պետք է հիշի, որ խիղճը չի կառավարվում օրենքով, այլ պահպանվում է խոնարհությամբ։ Միայն այդ դեպքում կարող են պետությունը և Եկեղեցին միասին ծառայել մարդուն՝ առանց միմյանց աշխարհիկ և հոգևոր էությունը խաթարելու։

Ամփոփելով՝ նշեմ, որ պետությունը չի կարող վերցնել Եկեղեցուց խղճի դերը՝ առանց կորցնելու իր բարոյական հենարանը։ Իսկ Եկեղեցին չի կարող վերցնել պետությունից իշխանությունը՝ առանց կորցնելու իր վկայության ուժը։ Բայց Եկեղեցին պարտավոր է հիշեցնել պետությանը, իսկ պետությունը՝ լսել, որ իշխանությունը վերջնական չափանիշ չէ, իսկ ուժն ինքնանպատակ չէ։ Ըստ էության, Եկեղեցին, որպես կառույց, չի մեղադրում պետությանը որպես իշխանություն։ Այն հարցը տեղափոխում է մեկ այլ հարթություն՝ խղճի, պատասխանատվության և չափանիշների հարթություն։ Այստեղ պետությունն ու Եկեղեցին այլևս հակառակորդ չեն, այլ տարբեր գործառույթներ ունեցող մարմիններ, որոնց անկախ գործունեությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է իր սահմանը։ Քանի դեռ Եկեղեցին հիշեցնում է խղճի սահմանը, և պետությունը ընդունում է այդ սահմանը, հասարակությունն ունի ապագա ոչ միայն պատմական, այլ նաև հոգևոր իմաստով։ Օրենքը չի կարող փոխարինել խղճին, իսկ իշխանությունը՝ բարոյական չափանիշին։ Հետևաբար ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջին և անհրաժեշտ քայլը այն գիտակցումն է, որ պետությունը, լինելով աշխարհիկ իշխանություն, չի կարող և չպետք է տնօրինի հոգևոր չափանիշը։ Ոչ թե որովհետև այն թույլ է, այլ որովհետև այդ չափանիշը իր բնույթով չի ենթարկվում վարչական կառավարման։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում