Քրեական ոստիկանները բնակարանային գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել
Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կոտրելով Դդմաշեն գյուղում գտնվող իր տան պատուհանի ճաղավանդակը՝ գողացել են խմիչք: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է արարքը:
Ձերբակալելու ժամանակ քրեական ոստիկանները 61-ամյա տղամարդու տան տեսանելի հատվածում նկատել են պլաստմասե տարաներով կանեփանման դեղնականաչավուն զանգվածներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դդմաշենցու տանը հայտնաբերվել է 1198 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Նախաքննությունը շարունակվում է։