Հարավային Կորեան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ սեփական ատոմային սուզանավ կառուցելու շուրջ
Հարավային Կորեայի իշխանությունները բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ միջուկային շարժիչով սուզանավ կառուցելու համար՝ այն դիրքորոշմամբ, որ սուզանավը կկառուցվի Հարավային Կորեայի տարածքում։ Այս մասին հայտնել է նախագահի ազգային անվտանգության խորհրդական Վի Սոն Լակը։
«Քննարկումները բխում են այն ենթադրությունից, որ սուզանավը կկառուցվի Կորեայի Հանրապետությունում»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Հոկտեմբերի 29-ին Կյոնջուում կայացած գագաթաժողովից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա Կորեայի Հանրապետությանը միջուկային շարժիչով սուզանավ կառուցել Ֆիլադելֆիայի նավաշինարանում։ Հարավային Կորեայի իշխանությունները, այդ թվում՝ Վի Սոն Լակը, հետագայում հայտնել են սուզանավը սեփական հողի վրա կառուցելու իրենց մտադրության մասին։ Նոյեմբերի 14-ին հրապարակված համատեղ հուշագրում շինարարության վայրը չի նշվել։
«Գագաթաժողովում հարցը քննարկվել է սկզբից մինչեւ վերջ՝ այն դիրքորոշմամբ, որ կառուցումը տեղի կունենա Կորեայի Հանրապետությունում։ Մենք չենք քննարկել Միացյալ Նահանգներում միջուկային շարժիչով սուզանավ կառուցելու առաջարկը»,- նշել է Վի Սոն Լակը։
«Մենք համագործակցության կարիք ունենք եւ կարող ենք դիմել ԱՄՆ օգնությանը։ Բայց հարցին, թե որտեղ կկառուցվի սուզանավը, պատասխանը կլինի՝ «Կորեայի Հանրապետությունում»,- կրկնել է ազգային անվտանգության խորհրդականը։ Նոյեմբերի 6-ին նա անիրատեսական է անվանել Ֆիլադելֆիայի նավաշինարանում ներդրումներ կատարելու առաջարկը՝ դրանք միջուկային շարժիչով սուզանավեր կառուցելուն նախապատրաստելու համար։