Վերարտադրվել է Տու-154-ի կործանման պատկերը (տեսանյութ)
Սև ծովում կործանված Տու-154 օդանավի ինքնագրիչ սարքի վերծանումը թույլ է տվել վերարտադրել ավիավթարի պատկերը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Life.ru կայքում:
Գրաֆիկական պատկերման մեջ երևում է, որ բարձրություն հավաքելու ժամանակ օդանավի պոչային հատվածը կտրուկ ներքև է իջնում, ինքնաթիռը ձախ է թեքվում և ընկնում ծովը:
Երեկ հաղորդվել էր, որ փորձագետները վերծանել են Տու-154 օդանավի ինքնագրիչ սարքը: Վերծանվել է օդաչուների խոսակցությունը, որն ընդհատվում է հետևյալ բացականչությամբ. «Փականները, գրողը տանի»: Դրանից հետո հնչում են «Հրամանատար, ընկնում ենք» բառերը:
Աղբյուրի խոսքով` «սև արկղի» ձայնագրիչի ժապավենը չի վնասվել ինքնաթիռի անկման ժամանակ: Երկրորդ պարամետրային ինքնագրիչի վերծանման աշխատանքները դեռ չեն սկսվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: