Հովիկ Աբրահամյանը այցելել է ապրիլյան պատերազմում զոհված Գարիկ Մովսիսյանի ընտանիքին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլյան պատերազմի ընթացքում Տավուշի մարզը ևս զոհ ունեցավ. Լեռնային Ղարաբաղում զոհվեց 19–ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանը: Նա շուրջ մեկ տարի էր ծառայել: Գարիկի ընտանիքը սոցիալապես վատ վիճակում է, հայրը բանվոր–շինարար է: Գարիկը ավագ եղբայր ունի, քույրը 21 տարի առաջ բոտուլիզմից էր մահացել:
Կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանը զոհվել է, երբ վերականգնում էր դիրքերի միջև հեռախոսային կապը, նա օգնել է վիրավոր ծառայակից ընկերոջը:
Այս տարվա հուլիսի 26–ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Զորական՝ Մովսիսյանների ընտանիքին, և խոստացել զոհված հերոսի հայրական տունը հիմնանորոգել: Սակայն այն գտնվում էր խարխուլ վիճակում և Աբրահամյանը որոշեց նրանց համար նոր տուն կառուցել: Այս պահին այն գրեթե ավարտուն տեսք ունի:
«Փաստի» տեղեկություններով՝ երեկ Հովիկ Աբրահամյանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջան է այցելել, եղել Զորականում, ծանոթացել իր աջակցությամբ կառուցվող տան շինարարության ընթացքին:
Հրաժարականից հետո ևս Աբրահամյանը շարունակել է օժանդակությունը Գարիկի ընտանիքին: Երեկվա այցի ընթացքում նա կարգավորել է ջեռուցման և այլ հարցերի հետ կապված վերջին ֆինանսական խնդիրները:
Հ. Աբրահամյանը Գարիկի ավագ եղբորը` 27–ամյա Վլադիմիր Մովսիսյանին, խոստացել էր նաև, որ եթե ամուսնանա՝ կդառնա նրա հարսանիքի քավորը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: