Չորս տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը
Այսօր նոյեմբերի 9-ն է։ 2020 թ․ այս օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությամբ ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Այս հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, ինչպես նաև Հադրութն ու Շուշին։
Չնայած այս հայտարարությանը՝ 4 տարի անց՝ այսօր, ամբողջ Արցախը հայաթափված է և գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ 9-ամսյա շրջափակումից և Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններից հետո։ Չորս տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը մոլորեցրել է հանրությանը՝ իր ձախողված «խաղաղության օրակարգով», «Խաղաղության խաչմերուկով», փոխարենը ոչինչ չի արել բանակ ու տնտեսություն վերականգնելու, միջազգային ասպարեզում ՀՀ դիրքերն ամրապնդելու համար։
Ադրբեջանն էլ օրեցօր ավելացնում է իր ախորժակը։ Ալիևը սպառնում է Սյունիքին ու Երևանին, Բաքուն գաղտնազերծում է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությունը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հետպատերազմյան Հայաստանի մասին։
Էլիզա Աբգարյան