Վրաստանը կզրկվի ԵՄ-ի կողմից հատկացված 121 միլիոն եվրոյից. պատճառը ժողովրդավարության ոլորտում հետընթացն է
Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտնել է, որ Թբիլիսին ժողովրդավարական հետընթացի պատճառով կկորցնի 121 միլիոն եվրո (130 միլիոն դոլար) ֆինանսավորում դաշինքից:
Պատվիրակությունը X-ի գրառման մեջ ասել է, որ 2022 և 2023 թվականներին Վրաստանին հատկացված, սակայն ամբողջությամբ չծախսված ԵՄ միջոցները «կկորչեն»։
«Վրաստանը 121 միլիոն եվրո կկորցնի ԵՄ օգնությունից՝ ժողովրդավարության հետընթացի հետևանքով: Տարեկան հատկացումներն ամբողջությամբ չեն ծախսվել նույն տարում, հետևաբար 2022 և 2023 թվականների մնացած միջոցները, որոնք ուղղակիորեն օգուտ են բերում իշխանություններին, կկորչեն» ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։
Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին անցյալ շաբաթ նախազգուշացրել էր, որ Վրաստանի հարաբերությունները Բրյուսելի հետ կտուժեն, և ԵՄ-ն կարող է նույնիսկ պատժամիջոցներ կիրառել, եթե երկիրը շեղվի ժողովրդավարության ուղուց: