Ես պայքարելու եմ որակյալ, արդիական և արժեքահենք կրթություն ու հետազոտություն ապահովող ԵՊՀ ունենալու համար. Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Սիրելի՛ ուսանողներ,
վաղը կմեկնարկի նոր ուսումնական տարին։ Բոլոր հարցերի պատասխանը կրթության մեջ է։ Որակյալ, արդիական ու արժեքահենք կրթությամբ միայն կարող ենք ձգտել ու հասնել մեր գերագույն արժեքին՝ հարատև ազգային պետությանը։ Շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթում սեր, եռանդ, աշխատասիրություն։
Ցավով տեղեկացնում եմ նաև, որ 16 տարի դասավանդելուց հետո այս տարի առաջին անգամ զրկվել եմ Մայր բուհում դասավանդելու հնարավորությունից։ ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը հրաժարվել է ինձ հետ կնքել աշխատանքային նոր պայմանագիր և ազատել է ինձ աշխատանքից․ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ ես չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն․ իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից։ Այդ ամենը տեղի է ունեցել հապճեպ, առանց ինձ հետ քննարկելու, անգամ առանց ինձ տեղեկացնելու։
Ես համարում եմ, որ տեղի է ունեցել անարդարություն, ուստի հայտարարում եմ, որ չեմ համակերպվելու։ Մայր բուհն իմ ինքնության առանցքներից մեկն է։ Ես պայքարելու եմ որակյալ, արդիական և արժեքահենք կրթություն ու հետազոտություն ապահովող ԵՊՀ ունենալու համար։
Եվ ես վերադառնալու եմ․․․