Ռուսաստանում տղամարդ եւ աղջիկ են զոհվել պարապլանի ընկնելու հետեւանքով
Տուլայի մարզի Յասնոգորսկի շրջանում պարապլան է ընկել, որի հետեւանքով 2 մարդ է զոհվել, հայտնել է մարզային ՆԳ վարչության ղեկավար Անդրեյ Յարցեւը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով՝ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:30-ին, Յասնոգորսկի շրջանի Շչեբոտեեւո գյուղի մոտ:
«Նախնական տեղեկություններով՝ զոհվել են 50-ամյա տղամարդ եւ 13 տարեկան աղջիկ: Պարապլանը օդ է բարձրացել դաշտից, սակայն ուժգին քամու պատճառով սկսել է ճոճվել, որից հետո սարքը գետնին է բախվել եւ բռնկվել է: Գետնի վրա գտնվող աղջկա հայրը փորձել է երեխային փրկել, սակայն նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Զոհվել է նաեւ պարապլանի տերը»,- նշել է Յարցեւը: