Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ
Մինչ եվրոպական կառավարությունները մտածում են սեփական արտադրողներին աջակցելու միջոցների մասին, հերթական խոշոր արտադրողը՝ արևային վահանակների «Mayer Burger» ընկերությունը, փակում է գերմանական գործարանը և հեռանում Միացյալ Նահանգներ։
Ֆրայբուրգում գտնվող գործարանը փակվել է մարտի կեսերին՝ 500 մարդու գործազուրկ թողնելով, քանի որ Շվեյցարիայում գրանցված ընկերությունը միացել է եվրոպական այն գործարաններին, որոնք դադարեցնում են իրենց արտադրությունը Եվրոպայում և տեղափոխվում ավելի լավ պայմաններ առաջարկող ԱՄՆ։
Գերմանիայի դաշնային կառավարության հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Արտադրողները վաղուց պահանջում են բարձր մաքսատուրքեր սահմանել չինական ներմուծումների դեմ, որպեսզի իրենք կարողանան գոնե փոքրիշատե պատշաճ մրցակցություն դրսևորել։ Եվրամիությունն այդ հարցում չի շտապում, փոխարենը՝ այդ հարցում չափազանց կոշտ է ԱՄՆ-ը, որն էլ ոչ միայն բարձր մաքսատուրքերով փակել է չինական վահանակների ներմուծումը, այլև ուրիշ երկրներից հրավիրում է արևային սարքավորումներ արտադրողների՝ այդ կերպ սեփական երկրում ամրապնդելով իր արտադրությունը։
Ի դեպ, «Mayer Burger»-ի Ֆրայբուրգում գտնվող գործարանի հեռանալը նշանակում է Եվրոպայում արևային վահանակների արտադրության կրճատում 10 %-ով. միայն այդ գործարանն այդքան արտադրանք էր տալիս։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Մանուկյան