Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարտի 27-ին ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ե՞րբ կավարտվի Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Ադրբեջանին սահմանակից Շուռնուխ գյուղում տների շինարարությունը։
«Պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է։ Ուստի, կդժվարանամ ինչ-որ մանրամասներ հայտնել։ Մասնավորապես՝ ավարտման ժամկետների մասին»,- ասաց նախարարը։
Սանոսյանը, սակայն, շտապեց նշել, որ «ծրագիրը բավականին լավ է առաջադիմել»։ «Վերջն արդեն երևում է, բայց ժամկետներ դեռ չեմ կարող ասել»,- եզրափակեց կառավարության ներկայացուցիչը։