Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնող ընկերությունների շարքում այսօր չտեսանք Ucom-ին ու Վիվա-ՄՏՍ-ին: Այսօր մամուլում նյութ էր շրջանառվում, որտեղ երկու օպերատորները նշված չէին: Օպերատորներին խնդրեցինք մեկնաբանել:
Ucom-ից մեզ պատասխանեցին, որ սեպտեմբերի 27-ից ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերին հնարավորություն է տրված 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։
Վիվա-ՄՏՍ-ից մեզ պատասխանեցին, որ սեպտեմբերի 27-ից նույնպես գործում է սակագնային հատուկ պլան՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը բաժանորդագրվել հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար):
Երկու օպերատորները նաև տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 25-ից Գորիսի և Վայքի սպասարկման կենտրոններն աշխատել են մինչև կեսգիշեր, իսկ արդեն սեպտեմբերի 26-ից Կոռնիձորում, Վայքում ու Գորիսում տեղակայվել են սպասարկման շարժական կենտրոններ՝ անվճար քարտերերի տրամադրում առավել արագ կազմակերպելու նպատակով: