Երթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ
Սեպտեմբերի 30-ին Երեւանում տեղի է ունենում երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների, որոնց գերեվարել է Ադրբեջանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն անգնահատելի ավանդ է ներդրել Արցախի եւ Հայաստանի կյանքում ոչ միայն որպես հասարակական եւ պետական գործիչ, այլեւ որպես մեկենաս եւ գործարար, սեպտեմբերի 27-ին գերի է ընկել ադրբեջանցի զինվորականների ձեռքը։
Նրա դեմ առաջադրվել են անհեթեթ եւ շինծու մեղադրանքներ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները սեպտեմբերի 30-ին տեղեկացրել են նաեւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։ Նշվել է, որ նրա դեմ եւս հարուցվել է քրեական գործ։ Սեպտեմբերի 28-ին Բաբայանը գրառում էր կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ որոշում է կայացրել այսօր Ստեփանակերտից գնալ Շուշի։
ԶԼՄ-ները տեղեկացրել են նաեւ ադրբեջանցիների կողմից Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանի եւ Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանի ձերբակալման մասին։