Մարիա Զախարովան «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան» է անվանել Ալեն Սիմոնյանի ասածները
Սա հանրային հռետորաբանություն է՝ շատ մոտ, գիտե՞ք, բռիությանը նմանվող մի ինչ-որ բանի, այն պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որն ասել էր, որ Զախարովայի հավաստիացումներն այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհեթեթություն են։ Սիմոնյանը նաեւ հայտարարել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների իրավասության տակ։
«Իսկ իմ բառերը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նա ինչ-որ կերպ նշե՞լ է։ Եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակով, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները. մենք կապի հիանալի խողովակներ ունենք Երեւանի հետ բոլոր ուղղություններով, պետականից մինչեւ հասարակական։ Եվ այնուամենայնիվ, պետք է, ինձ թվում է... Ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերն էլ են առանձնացված՝ ով ինչ է հայտարարում եւ ով ինչպես է ասում։ Բայց եւ այնպես, ես համոզված եմ, որ դա իրավունք չի տալիս այն մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հասարակությանը, օգտագործել նման ինչ-որ արտահայտություններ, իսկ մենք դրանք վերջին ժամանակներս քիչ չենք տեսնում եւ լսում»,- ասել է Զախարովան։