Ավստրալիայի կառավարությունը կոչ է անում երկու կողմերին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների անարգել տեղաշարժը
Alphanews.am-ը գրում է.
Ավստրալիայի կառավարությունը մտահոգված է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակմամբ և տարածաշրջանի բնակչության վրա շրջափակման մարդասիրական ազդեցությամբ։ Ավստրալիան աջակցում է 2023 թվականի օգոստոսի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշմանը, որում նա կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը հեշտացնելու համար:
Ավստրալիան աջակցում է ԿԽՄԿ-ի աշխատանքին և կոչ է անում բոլոր կողմերին ապահովել, որ մարդասիրական օգնությունն անարգել հասնի բոլոր բնակիչներին:
Ավստրալիան նաև պաշտպանում է 2023 թվականի փետրվարի 22-ին Միջազգային դատարանի կողմից կայացված ժամանակավոր միջոցների վերաբերյալ որոշումը, որը հաստատվել է դատարանի կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին: Այդ որոշման համաձայն՝ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը։ Ավստրալիան կարևորում է հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ:
«Մենք հետևում ենք հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին և ճանաչում ենք շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։ Մենք դիվանագիտական ուղիներով ակտիվորեն կիսում ենք մեր տեսլականներն ու մտահոգությունները երկու կողմերի հետ, ներառյալ մեր աջակցությունը միջազգային միջնորդական ջանքերին՝առաջնորդներին սեղանի շուրջ բերելու համար: