Նիկոլ Փաշինյանը Բաքվին կոչ է անում չզրոյացնել խաղաղություն հաստատելու հնարավորությունը
Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտքի արգելքն ավելի հավաստի է դարձնում Ադրբեջանի կողմից ԼՂ հայության նկատմամբ վարվող ցեղասպանության քաղաքականությունը։
Նրա խոսքով` Լաչինի միջանցքի լիակատար արգելափակման համար այլ բացատրություն չկա, եթե մի պահ չդիտարկենք այն վարվող բացահայտ ցեղասպան քաղաքականության համատեքստում։
«Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ–Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում»,– հայտարարեց Փաշինյանը։