Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը Իրանի հետ երկարաձգվել է մինչեւ 2030 թվականը
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում այսօր ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման եւ ծավալների ավելացման փաստաթուղթը։
ՏԿԵ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանագիրը ստորագրել են Երեւան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։
Պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ 2030 թվականը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի երկարաձգման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների լավագույն դրսեւորումներից մեկն է։ «Պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրների համար։ Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաեւ գազի ներմուծման եւ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա»,-ասել է նախարար Սանոսյանը։
Մաջիդ Չեգենին իր հերթին կարեւորել է պայմանագրի երկարաձգման փաստը՝ ընդգծելով, որ այն նոր զարկ կհաղորդի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։