ՄԻՊ-ը Տավուշի մարզում հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի չորրորդ օրը Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են ՍՕՍ-Մանկական Գյուղեր հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկում և ծանոթացել գյուղում բնակվող երեխաների կրթական խնդիրներին, զարգացման ծրագրերին և բնակության պայմաններին։
Պաշտպանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է, թե ինչպիսի միջոցներով է հաստատությունն իրականացնում իր գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքները:
Այնուհետ քննարկվել են խնամքի կենտրոնում երեխաների լավագույն շահի ապահովման կոնկրետ մոտեցումներն ու կենտրոնի կողմից խնամքի ծառայությունների, ճնգնաժամային իրավիճակում հայտնված շահառուների հետ տարվող աշխատանքների մանրամասներ։
Շարունակելով հանդիպումները՝ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԻՊ Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում, կատարվել է քաղաքացիների ընդունելություն։
Առաջնահերթ, Պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին, և բարձրացված խնդիրների վերաբերյալ պաշտպանի իրավասության շրջանակներում նախանշվել կոնկրետ են գործողություններ:
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում Տավուշի մարզում գործող երեխաների,
երիտասարդների և հաշմանադամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հարկ է նշել, որ վերջիներիս կողմից առաջ է քաշվել հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում հարմարեցումների գրեթե բացակայության, ինչպես նաև երեխաների և երիտասարդների կրթական իրավունքի իրացման և մշակութային միջավայրի ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։
Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացված մշտադիտարկման 4-օրյա այցերի ընթացքում արձանագրված խնդիրների մանրամասները կհրապարակվեն լրացուցիչ։