Էրդողանը քննադատել է արեւմտյան քաղաքական գործիչներին Պուտինի նկատմամբ վերաբերմունքի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում քննադատել է արևմտյան քաղաքական գործիչներին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նկատմամբ նրանց վերաբերմունքի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Դուք գիտեք արեւմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքը Պուտինի նկատմամբ։ Սա հարիր չէ քաղաքականությանը: Ինչպիսի վերաբերմունք ցուցաբերեք նրա նկատմամբ, այդպիսին էլ կստանաք»,- ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները դրական են զարգանում, Անկարան դրանց հետագա դրական զարգացման հույս ունի։
«Իհարկե, մեր միջև կան որոշ տարաձայնություններ, բայց դրանք չեն ազդում երկկողմ հարաբերությունների վրա, որոնք դրականորեն են զարգանում։ Մենք պետք է զարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ շահերի և պոտենցիալ ոլորտների վրա»,- ասել է Էրդողանը։
Նա ասել է, որ հուլիսի 19-ին Թեհրանում գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցել է «շատ դրական, մյուսներից տարբերվող բանակցություններ»։ «Մենք հանգիստ քննարկել ենք կարևոր հարցեր»,- ասել է Թուրքիայի նախագահը։