Հացահատիկի արտահանման հետ կապված բոլոր հարցերը լուծված են․ ՄԱԿ
Հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածության ստորագրումը կարող է տեղի ունենալ Հուլիսի 22-ին Ստամբուլում,ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՄԱԿ-ի աղբյուրը:
«Կարծես թե ցորենի հետ կապված բոլոր հարցերը լուծված են, եւ վաղը իսկապես տեղի կունենա պայմանավորվածության ստորագրումը», — պատմել է գործակալության զրուցակիցը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմից նաեւ հայտնել են, որ «հացահատիկային հարցի» վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա ուրբաթ օրը՝ ժամը 16:30-ին, Ստամբուլում, արարողությանը կմասնակցեն հյուրընկալող պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Անցյալ շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ռազմական պատվիրակությունները բանակցություններ են վարել հացահատիկային հարցի կարգավորման շուրջ: Արդյունքում կողմերին հաջողվել է պայմանավորվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու մասին։