Լոռու մարզում 6 տոննա կեռասով բեռնված մեքենան կողաշրջվել է
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Գևորգ Իսկանդարյանը իր վարած MAN մակնիշի բեռնատարով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Շնող գյուղի վարչական տարածքում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում վարորդ Գ. Իսկանդարյանը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է հանդիպակաց երթևեկող մեկ այլ ավտոմեքենան, որի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ու ինքը բախումից խուսափելու համար ավտոմեքենան փախցրել է դեպի աջ, ինչի պատճառով կողաշրջվել է։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 6 տոննա կեռասով, որն ամբողջությամբ թափվել է։