Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է
Հուլիսի 6-ին, ժամը 13։27-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հավանական դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մոտորանավակ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սարքավորումների մասնագիտացված խումբը։
Պարզվել է, որ մոտորանավակը ուժեղ քամուց շրջվել է, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել են արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ: Բուժօգնության անհրաժեշտություն չի եղել։