Հունաստանը 147 անգամ խախտել է մեր օդային տարածքը․ Էրդողանը՝ թուրք֊հունական պատերազմի սպառնալիքի մասին
Թուրքիան չի ծրագրում պատերազմել Հունաստանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք Հունաստանի հետ պատերազմ սկսելու խնդիր չենք դրել մեր առջև, բայց Հունաստանը չի պահում իր խոսքը։ Նա 147 անգամ խախտել է մեր օդային տարածքը, մենք ո՞նց ենք ապրելու միմյանց հարևանությամբ։ Մեր օդուժը պատասխանում է»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ որոշ առաջնորդներ փորձում են հաշտեցնել Թուրքիային և Հունաստանին, սակայն «իրենք դեռ չեն դիտարկում դա»։
Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատթարացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում համաձայնության գալ ծովային գոտիների շուրջ։