Բայդենը ստիպված է եղել տարհանվել հանգստի ժամանակ
Շաբաթ օրը մասնավոր ինքնաթիռը սխալմամբ մտել է Ռեհոբոթ Բիչ (Դելավեր) քաղաքի փակ օդային գոտի, որտեղ հանգստանում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Փոքր մասնավոր ինքնաթիռը մտել է սահմանափակ օդային տարածք: Ամեն ինչ ցույց է տալիս, որ դա սխալմամբ է տեղի ունեցել, և ձեռնարկվել են նախազգուշական միջոցներ: Նախագահի կամ նրա ընտանիքի համար ոչ մի սպառնալիք չի եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան մամուլի ծառայությունըհայտնել է, որ ամերիկացի առաջնորդն ու նրա կինը՝ Ջիլը, տարհանվել են անվտանգ վայր, նախագահի տան հարակից ճանապարհը ժամանակավորապես փակվել է։ Բայդեններն այժմ վերադարձել են իրենց տուն։
«Այսօր ժամը 13:00-ից քիչ առաջ (շաբաթ օրը Երևանի ժամանակով 21:00-ն) մասնավոր ինքնաթիռը մտել է փակ օդային տարածք Ռեհոբոթ Բիչի (Դելավեր) վրայով: Օդանավն անմիջապես ուղեկցվել է փակ օդային տարածքից դուրս»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար պատասխանատու Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլիելմին:
Նրա խոսքով՝ օդանավի օդաչուն չի միացրել անհրաժեշտ ռադիոալիքը, չի կատարել համապատասխան ծանուցումն ու հրահանգները։ Իրավապահները կհարցաքննեն օդաչուին։ Գաղտնի ծառայությունը հավելել է, որ «անվտանգության կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել, սակայն Բայդենի համար էական սպառնալիք չկա»։